Ի՞նչ է կատարվում Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում

Sputnik Արմենիայի նկարահանող խումբը գտնվում է Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում։ Բնակիչները վստահեցնում են, որ խուճապի չեն մատնվել, բայց գյուղի երիտասարդներն արդեն դիրքերում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. Սյունիքի մարզի Վերիշեն գյուղի բնակիչներն առաջինն են իմացել, որ ադրբեջանցիները մոտ 3 կմ մտել են ՀՀ պետական սահմանից ներս` շարժվելով իրենց գյուղի ուղղությամբ ու վերահսկողության տակ վերցնելով Սև լիճը։ Չնայած դրան ՝ գյուղում խուճապ չկա, իսկ բնակիչները վստահ են, որ հարցը կլուծվի հօգուտ հայկական կողմի։ Նրանք իրենց կարծիքը հայտնել են Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Ի՞նչ է կատարվում Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում

Մեր նկարահանող խումբն այս պահին գտնվում է Վերիշեն գյուղում։ Մեր գործընկերները փորձել են առավելագույնս մոտենալ Սև լճին, սակայն հայ սահմանապահները թույլ չեն տվել առաջանալ։

Sputnik Արմենիայի թղթակիցը զրուցել է Վերիշենի գյուղապետ Արարատ Օրդյանի հետ։

Նրա խոսքով` գյուղում խուճապ չկա, կրակոցներ չեն հնչել, մարդիկ իրենց առօրյայով են զբաղված։

Այդուհանդերձ, Օրդյանը գյուղի ջահելների հետ դիրքեր է բարձրացել, հայկական զինված ուժերն էլ նրանց կողքին կանգնած են։

Հիշեցնենք` մայիսի 12–ին լրատվամիջոցներում ու սոցկայքերում լուրեր էին տարածվել, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին մարտական գործողություններ է սկսել։

«Սա լոկալ խնդիր չէ, ավելի լայնամասշտաբ գործողությունների հիմք ունի». ԱԽ քարտուղար

Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը Facebook-ում գրել էր, որ թշնամին Իշխանասարի հատվածում պետական սահմանն անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունն էլ հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Ուշ երեկոյան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ տեղի ունեցավ այս թեմայի շուրջ, որի ընթացքում Փաշինյանը փաստեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

ԱԽ նիստ կայացավ նաև մայիսի 13-ին։ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել։

Ադրբեջանցիները մտածված են եկել, իսկ հիմա պետք է գնան իրենց տեղերը. Սյունիքի մարզպետ