Հայաստանը կասեցնելու է Ադրբեջանի ռազմական ագրեսիան. ԱԺ–ն հայտարարություն ընդունեց

ՀՀ խորհրդարանականները հայտարարում են նաև, որ Հայաստանի Հանրապետությունը չի հանդուրժի ստեղծված իրավիճակը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԺ–ն այսօր գումարված արտահերթ նիստում ձայների 86 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ հայտարարություն ընդունեց, որում մասնավորապես արձանագրել է, որ Հայաստանը ձեռնարկվելու են բոլոր համարժեք միջոցները Ադրբեջանի ռազմական ագրեսիան կասեցնելու և ՀՀ պետական սահմանն ու ժողովրդին պաշտպանելու նպատակով։

Ի՞նչ է կատարվում Գեղարքունիքի մարզի Կութ և Վերին Շորժա գյուղերում. պատմում են բնակիչները

«Կոչ ենք անում միջազգային հանրությանը դատապարտել՝  Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ ուղղված սադրիչ գործողությունները, ուժի գործադրման սպառնալիքներն ու փաստացի գործադրումը»,– ասված է հայտարարության մեջ։

Խորհրդարանականները հայտարարում են նաև, որ Հայաստանի Հանրապետությունը չի հանդուրժի ստեղծված իրավիճակը:

ՀՀ ԱԺ–ն այսօր` մայիսի 14-ին արտահերթ նիստ էր գումարել` քննարկելու Սյունիքում, Գեղարքունիքում ու Վայոց Ձորում ՀՀ սահմաններին ստեղծված իրավիճակը։

Նիստը գումարվել է Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ։

ԱԺ ընդունած հայտարարության տեքստը ևս խորհրդարանի հաստատմանն է ներկայացրել ԲՀԿ–ն։

Հիշեցնենք, որ ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։