ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. Սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա տեղի է ունենում այն դեպքում, երբ երկրների միջև կան դիվանագիտական հարաբերություններ։ Այս մասին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ԱԺ արտահերթ նիստում` հավելելով, որ չնայած դրան, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, Հայաստանն այսօր պատրաստ է սահմանային որոշակի կետերի ճշգրտման գործընթացին։
«Հիմա մենք այդպիսի անհրաժեշտության առաջ կանգնած ենք, որպեսզի տեղանքում տեսնենք` մեր սահմանը որտեղով է անցնում, ով ինչ կետեր կարող է զբաղեցնել»,–ասաց Փաշինյանը։
Նա նաև ընդգծեց, որ Հայաստանի կարծիքով՝ երկու կողմից սահմանի պահպանությունը պետք է իրականացնեն սահմանապահ զորքերը, իսկ երկու կողմերի զինված ուժերը պետք է վերադառնան տեղակայման վայրեր։
Փաշինյանի համոզմամբ՝ այդ դեպքում սահմանին կլինի բոլորովին այլ ռազմաքաղաքական իրավիճակ;
Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։
Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։
ՀԱՊԿ–ով գործարկել ենք մեխանիզմ, որը քաղաքական և ուժային լուծում է նախատեսում. Փաշինյան
ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։
ԱԽ նիստ կայացավ նաև մայիսի 13-ին։ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել։
Այս պահին սահմաններին տիրող իրավիճակի հարցով ԱԺ արտահերթ նիստ է ընթանում։