ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այսօր ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տիրող իրավիճակը: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը:
«ՀԱՊԿ քարտուղարությունն իրավիճակի հետ կապված ոչ մի փաստաթուղթ դեռ չի ստացել, սակայն աշխատանքային ակտիվ շփումներ են ընթանում հայ պաշտոնյաների հետ։ Մասնավորապես, գլխավոր քարտուղարը իրավիճակն այսօր ևս մեկ անգամ քննարկել է ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի հետ», - ասել է Զայնետդինովը։
Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։
Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։
ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։
ԱԽ նիստ կայացավ նաև մայիսի 13-ին։ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել։
Պետք է պատրաստ լինենք հնարավոր վատ զարգացումներին. Ավինյանը` Սյունիքի մասին