Գուցե հայկական կողմը չի՞ ուզել «իր ունեցած բոլոր փամփուշտները կրակել». Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդը նշում է՝ բազմաթիվ տեղերում Ադբեջանը զորք չունի և հայկական կողմն էլ կարող է նույն բանն անել և առաջ գնալ դեպի Ադրբեջանի տարածք:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի- Sputnik. Հայաստանը հերթական ճգնաժամային իրավիճակում է հայտնվել: Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ նման կարծիք հայտնեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ադրբեջանը հայտնվել է այնտեղ, ուր չպետք է հայտնվեր: Կարծում եմ՝ նախ չպետք է թույլ տային, որ ադրբեջանցիներն այսքան առաջ գային, իսկ չենթարկվելու դեպքում արդեն կրակեին: Իսկ հիմա պետք է բանակցությունների միջոցով լուծել խնդիրը, իսկ եթե սա էլ չօգնի, պետք է ուժ կիրառել»,-ասաց Մարուքյանը:

Նրա խոսքով՝ հույս կա, որ բանակցությունների արդյունքում Ադրբեջանը հետ կգնա: Այս առումով, ըստ ԼՀԿ առաջնորդի, կարևոր էր ՀԱՊԿ-ին դիմելը: Մարուքյանը նշեց՝ ճիշտ է, մենք ՀԱՊԿ-ից զորք չենք ուզել, և դա, ըստ նրա, գալիս է նրանից, որ գուցե հայկական կողմը չի ուզել «իր ունեցած բոլոր փամփուշտները կրակել»:

Պետք է պատրաստ լինենք հնարավոր վատ զարգացումներին. Ավինյանը` Սյունիքի մասին

Մարուքյանը վստահեցրեց՝ սա ներքաղաքական բնույթի հարց չէ և անվտանգության հարցը որևէ կերպ չեն օգտագործելու: Ավելին, նա կոչ արեց մյուսներին էլ նույն կերպ վարվել, քանի որ սահմանը Նիկոլ Փաշինյանինը չէ, այլ ՀՀ-ինը:

«Մենք խորհրդարանական և միջխորհրդարանական բոոր կառույցներին արդեն իսկ դիմել ենք: Եթե Ադրբեջանը հետ չգնա, ապա հայկական կողմը չպետք է այս դեպքը հանդուրժի և քայլեր անի: Բազմաթիվ տեղերում Ադրբեջանը զորք չունի, և մենք էլ կարող ենք նույն բանն անել»,-ասաց Մարուքյանը:

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Արդբեջանի կողմից դեվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

ԱԽ նիստ կայացավ նաև մայիսի 13-ին։ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել։

Ադրբեջանցիները մտածված են եկել, իսկ հիմա պետք է գնան իրենց տեղերը. Սյունիքի մարզպետ