«Չենք պատրաստվում որևէ մետր թողնել». ՊՆ–ն ադրբեջանցիներին է ներկայացրել մեր դիրքորոշումը

Պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ ադրբեջանական կողմին հստակ ասվել է` Սյունիքում նրանց կանգնած տարածքները մերն են, և դա չի քննարկվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի- Sputnik. Այս պահին ադրբեջանցիները դեռևս Սյունիքում են, իրենց զբաղեցված հատվածում և սպասում են իրենց վերադասի հրահանգին։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին  պաշտպանության նախարարությունից։

«Երեկ ուշ երեկոյան տեղի ունեցած բանակցությունների ընթացքում մեր դիրքորոշումն ադրբեջանական կողմին ներկայացվել է շատ հստակ և կոշտ։ Ասվել է, որ դա մեր տարածքն է և չենք պատրաստվում որևէ մետր նրանց թողնել։ Տարածքները մերն են, և դա չի քննարկվում»,–ասացին ՊՆ–ից։

Փաշինյանը Սյունիքի հարցով զանգել է Պուտինին

Հիշեցնենք` ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Նույն օրը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ սա Արդբեջանի կողմից դեվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

ԱԽ նիստ կայացավ նաև մայիսի 13-ին։ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել։

Ադրբեջանցիները մտածված են եկել, իսկ հիմա պետք է գնան իրենց տեղերը. Սյունիքի մարզպետ