Չեմ բացառում, որ ռազմական դրություն հայտարարվի, ընտրությունը չեղարկվի. Նաիրա Զոհրաբյան

Ռազմական դրության ժամանակ որեւէ ընտրություն՝ ո՛չ հերթական, ո՛չ արտահերթ, անցկացվել չի կարող։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի- Sputnik. Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը չի բացառում, որ հայտարարվի ռազմական դրություն, Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը չեղարկվի։

Նրա խոսքով`թուրքը առանց մի կրակոցի զավթել է Սև լճի մատույցներն ու տեղակայվել Գորիսի «քթի տակ», մտել Գեղարքունիքի մարզ։

«Նիկոլը հայտարարում է, որ իրավիճակը ճգնաժամային է ու Հայաստանը դիմում է ՀԱՊԿ-ին։ Ու ինձ մի տեսակ սկսում է թվալ, որ մի X պահի երկրում կրկին կհայտարարվի ռազմական դրություն։ Իսկ ռազմական դրության ժամանակ որեւէ ընտրություն՝ ո՛չ հերթական, ո՛չ արտահերթ, անցկացվել չի կարող»,–գրել է նա։

Նշենք, որ ԱԺ արտահերթ ընտրությունը նախատեսված է հունիսի 20-ին։

Հիշեցնենք` մայիսի 12–ին լրատվամիջոցներում ու սոցկայքերում լուրեր էին տարածվել, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին մարտական գործողություններ է սկսել։

«Սա լոկալ խնդիր չէ, ավելի լայնամասշտաբ գործողությունների հիմք ունի». ԱԽ քարտուղար

Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը Facebook-ում գրել էր, որ թշնամին Իշխանասարի հատվածում պետական սահմանն անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունն էլ հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Ուշ երեկոյան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ տեղի ունեցավ այս թեմայի շուրջ, որի ընթացքում Փաշինյանը փաստեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն այսօր հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

ԱԽ նիստ կայացավ նաև այսօր։ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել։

Ադրբեջանցիները մտածված են եկել, իսկ հիմա պետք է գնան իրենց տեղերը. Սյունիքի մարզպետ