Ադրբեջանն իր չարագործությունների համար լուրջ հետևանքների առաջ է կանգնելու. Ռոբերտ Մենենդես

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահը կոչ է արել ԱՄՆ նախագահի վարչակազմին ներգրավվել հարցի կարգավորմանը, հստակեցնելով, որ Ադրբեջանը պետք է հարգի Հայաստանի ինքնիշխանությունը, և որ հետագա սպառնալիքներն ու ագրեսիան անընդունելի են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը հայտարարել է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքի խախտումն Ադրբեջանի զորքերի կողմից ագրեսիայի վտանգավոր դրսևորում է, որն ընդգծում է այն մշտական վտանգը, որի առաջ կանգնած է հայ ժողովուրդը: Մենենդեսը հայտարարությունը հրապարակվել է ԱՄՆ Սենատի պաշտոնական էջում։

«Այսօր ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի հետ իմ զրույցից հետո պարզ դարձավ, որ Միացյալ Նահանգները և միջազգային հանրությունը որպես ամբողջություն պետք է արձագանքի այս ներխուժմանը, որպեսզի Ադրբեջանը հասկանա, որ իր չարագործությունների համար լուրջ հետևանքների առաջ է կանգնելու: Կոչ եմ անում Բայդենի վարչակազմին ներգրավվել այդ հարցի կարգավորմանը բարձրագույն մակարդակով՝ հստակեցնելով, որ Ադրբեջանը պետք է հարգի Հայաստանի ինքնիշխանությունը և որ հետագա սպառնալիքներն ու ագրեսիան անընդունելի են»,- ասել է Մենենդեսը:

Հիշեցնենք` մայիսի 12–ին լրատվամիջոցներում ու սոցկայքերում լուրեր էին տարածվել, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին մարտական գործողություններ է սկսել։

«Սա լոկալ խնդիր չէ, ավելի լայնամասշտաբ գործողությունների հիմք ունի». ԱԽ քարտուղար

Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը Facebook-ում գրել էր, որ թշնամին Իշխանասարի հատվածում պետական սահմանն անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունն էլ հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Ուշ երեկոյան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ տեղի ունեցավ այս թեմայի շուրջ, որի ընթացքում Փաշինյանը փաստեց, որ սա Արդբեջանի կողմից դեվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն մայիսի 13-ին հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

ԱԽ նիստ կայացավ նաև մայիսի 13-ին։ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել։

Ադրբեջանցիները մտածված են եկել, իսկ հիմա պետք է գնան իրենց տեղերը. Սյունիքի մարզպետ