Ստանիսլավ Զասը Սյունիքի հարցով զանգել է Վաղարշակ Հարությունյանին և Արա Այվազյանին

ՀԱՊԿ–ից հայտնում են, որ ուշադրությամբ հետևում են Սյունիքում տեղի ունեցող իրադարձություններին, որոնց զարգացմանը զուգընթաց անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն համապատասխան գործողություններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի- Sputnik. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։

«ՀԱՊԿ-ում ուշադրությամբ հետևում են Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը, որին զուգընթաց` անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն այնպիսի գործողություններ, որոնք նախատեսված են Հավաքական անվտանգության պայմանագրի և ՀԱՊԿ կանոնադրության դրույթներով»,–նշված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ։

ՀՀ ԱԳՆ–ն էլ հայտնում է, որ ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանն անթույլատրելի է համարել ՀԱՊԿ անդամ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից ոտնձգության փորձը՝ նշելով, որ դա լուրջ սպառնալիք է նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նմանօրինակ իրավիճակներում Հավաքական անվտանգության պայմանագրի դրույթների և ՀԱՊԿ կանոնադրությամբ նախատեսված գործիքակազմի կիրառման շուրջ:

Հիշեցնենք` ՀԱՊԿ–ի մշտական խորհրդի նիստի ընթացքում կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը մանրամասն ներկայացրել էր Սյունիքի մարզում ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները և դրանց հետևանքով ստեղծված իրադրությունը:

ՀՀ ՊՆ-ին դեռ չի հաջողվել «համոզել» ադրբեջանցիներին. Գորիսի համայնքապետ

Նա ընդգծել էր, որ հնարավորինս արագ և ողջամիտ ժամկետներում Ադրբեջանի զինուժի ստորաբաժանումների՝ Հայաստանի տարածքից հետքաշումը չիրականացնելու դեպքում իրավիճակի հետագա էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա:

Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր՝ Սյունիքի Սև լճի հարակից տարածքում։

Դեռ երեկ` օրվա առաջին կեսին, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, թե տեղում բանակցություններ են ընթանում տարաձայնությունները հարթելու համար։ Երեկ ուշ երեկոյան Անվտանգության խորհրդի նիստ գումարվեց։ Փաշինյանը հայտարարեց՝ իրավիճակն առնվազն մերձճգնաժամային է, եթե ոչ ճգնաժամային։

Այսօր Փաշինյանը հայտնեց, որ երեկվանից Սև լճի հատվածում իրադրության էական փոփոխություն չկա և իրադրությունը շարունակում է մնալ նույնը։ Այսօր ևս ԱԽ նիստ է գումարվել։

Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում. ՊՆ