ՀՀ–ն չի հանդուրժի Ադրբեջանի սադրիչ գործելաոճը. Պապիկյանը դիմել է ԵԱՀԿ մասնակից երկրներին

Դեսպան Արմեն Պապիկյանը ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում շեշտել է, որ Ադրբեջանի գործողություններին նախորդել են այդ երկրի նախագահի ռազմատենչ և Սյունիքի մարզի հանդեպ տարածքային պահանջներ պարունակող հայտարարությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի- Sputnik. Այսօր Վիեննայում կայացած ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը մասնակից երկրներին տեղեկացրել է ադրբեջանական զինված խմբավորումների կողմից ՀՀ Սյունիքի մարզի ուղղությամբ ներխուժելու մասին։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Հայաստանն այդ գործողությունները դիտարկում է որպես ոտնձգություն իր ինքնիշխան տարածքի հանդեպ, որի նպատակն է Հայաստանի պետական սահմանի երկայնքով լարվածության նոր օջախների ստեղծումը, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիական բնակչության հանդեպ հոգեբանական ճնշումը։ Հայաստանը չի հանդուրժի Ադրբեջանի նման սադրիչ գործելաոճը»,– ասել է Պապիկյանը։

Նա տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունն առայժմ փորձում է իրավիճակը հանգուցալուծել խաղաղ ճանապարհով՝ հետագա սրացումից և հնարավոր զոհերից խուսափելու համար։

Ստանիսլավ Զասը Սյունիքի հարցով զանգել է Վաղարշակ Հարությունյանին և Արա Այվազյանին

ՀՀ դեսպանը շեշտել է, որ Ադրբեջանի գործողություններին նախորդել են այդ երկրի նախագահի ռազմատենչ և Սյունիքի մարզի հանդեպ տարածքային պահանջներ պարունակող հայտարարությունները՝ ընդհուպ մինչև ուժի կիրառման սպառնալիքը։

Պապիկյանը նաև տեղեկացրել է , որ Ադրբեջանի սադրիչ գործողությունների ֆոնին այդ երկրում տեղի են ունենալու զորավարժություններ, որոնք անցկացվում են առանց նախապես տեղեկացման և 2011թ․ Վիեննայի փաստաթղթի պահանջների խախտմամբ։

«Ադրբեջանի կողմից վերջին տարիների ընթացքում անցկացված զորավարժություններից առնվազն երկուսին հետևել է Արցախի դեմ հարձակումը՝ 2016 և 2020 թվականներին»,–ասել է նա։

Ամփոփելով խոսքը՝ դեսպան Պապիկյանը կոչ է արել ԵԱՀԿ մասնակից երկրներին համարժեք արձագանքել Ադրբեջանի նման ռազմատենչ գործողություններին՝ նշելով, որ Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նմանօրինակ կոպիտ խախտումները լուրջ սպառնալիք են ստեղծում տարածաշրջանային խաղաղության և անվտանգության համար:

Հիշեցնենք` մայիսի 12–ին լրատվամիջոցներում ու սոցկայքերում լուրեր էին տարածվել, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին մարտական գործողություններ է սկսել։

Լիտվայի ԱԳ նախարարն անհանգստություն է հայտնել Սյունիքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը Facebook-ում գրել էր, որ թշնամին Իշխանասարի հատվածում պետական սահմանն անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունն էլ հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Ուշ երեկոյան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ տեղի ունեցավ այս թեմայի շուրջ, որի ընթացքում Փաշինյանը փաստեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ԱԽ նիստ է կայացել նաև այսօր։ Փաշինյանը հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել։

Ադրբեջանցիները մտածված են եկել, իսկ հիմա պետք է գնան իրենց տեղերը. Սյունիքի մարզպետ