ՌԱԴԻՈ

ԵՄ–ում «հայկական կոնյակ» եզրույթին միշտ վերաբերվել են հեգնանքով 

Գինու ազգային կենտրոնի նախագահ Ավագ Հարությունյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԵՄ–ի և ՀՀ–ի միջև ստորագրվելիք համաձայնագրին, ըստ որի`Հայաստանը մինչև 2043 թվականը պետք է հրաժարվի «կոնյակ» անվանումից։
Sputnik
ԵՄ–ում «հայկական կոնյակ» եզրույթին միշտ վերաբերվել են հեգնանքով 

Ավագ Հարությունյանի փոխանցմամբ` խնդիրը նոր չէ, համաձայնագրի մասին խոսվում էր վաղուց, և արդեն ձեռք են բերվել պայմանավորվածություններ։ Հայկական կողմը ընդունել է այդ պայմանը, որպեսզի ԵՄ–ի հետ կնքվի ասոցացման պայմանագիր։ Ընդ որում` շամպայնի անվանափոխության հետ կապված ժամկետը լրացել է, հերթը կոնյակինն է։ 

«Մեր արտադրանքն այսպես թե այնպես աշխարհին հայտնի չէ «Հայկական կոնյակ» անվանումով, որովհետև սկսած 1950 թվականից արտահանում են ոչ կոնյակ անունով։ Այդ բառն օգտագործվել է ներքին շուկայում և Խորհրդային Միությունում։ Եվրոպան շատ ցավոտ է ընդունում «Հայկական կոնյակ» բառակապակցությունը, և այդ եզրույթին ԵՄ–ում միշտ վերաբերվել են հեգնանքով»,– նշեց Գինու ազգային կենտրոնի նախագահը։

Կրքեր բրենդի շուրջ, կամ Կոնյակ քաղաքը կլուծե՞ր հայկական խմիչքի հարցը

Հարությունյանի տեղեկացմամբ` հայկական կոնյակն արտահանվել է այլ անուններով, մինչև 1991 թվականը` «Արարատ», ինչ որ ժամանակ նաև՝ «Նոյակ», իսկ հիմա ուղղակի «Հայկական բրենդի»։ Ըստ նրա` ամենաճիշտ տարբերակը թերևս «Արարատ» անվանումն է, պարզապես պետք է ՀՀ կառավարությունը բանակցի «Պեռնո Ռիկարի» հետ, որպեսզի Հայաստանը կարողանա այն օգտագործել։ 

Գինու ազգային կենտրոնի նախագահի խոսքով` հայկական կոնյակի արտահանման շրջանակներն ընդլայնվում են, և դրան մեծապես նպաստում է շուկաների դիվերսիֆիկացիան, հայկական կոնյակը դուրս է գալիս նաև ԱՊՀ երկրների շրջանակներից։ Անցյալ տարվա խաղողի բերքն առատ էր, և այս տարի փորձ կարվի կուտակված պաշարներն իրացնել, առավել ևս որ արտահանման ծավալները կախված են հատկապես ռուսական շուկայի ակտիվացմամբ։  

Հիշեցնենք, որ Հայաստանն ու Եվրոպական Միությունն առաջիկայում նախատեսում են ֆինանսավորման նոր համաձայնագիր ստորագրել, որով ԵՄ–ն Հայաստանին 3 մլն եվրո գումար կտրամադրի։

Այդ գումարով Հայաստանը պետք է կազմակերպի հայկական կոնյակի համար «կոնյակ» անվանման կիրառության դադարեցումը, մշակի հայկական խմիչքի համար նոր բրենդ, գովազդի ու խթանի դրա կիրառությունն ու տարածումը, ինչպես նաև կազմակերպի հայկական նոր բրենդի դիրքի ու մրցակցության պահպանումն արտաքին շուկաներում։ 

Ինչո՞ւ է հայկական կոնյակի որակը կասկածներ առաջացնում Ռուսաստանում