ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Բրիտանական Nowness պարբերականն իր հետևորդներին փոքրիկ տեսահոլովակ է ներկայացրել՝ հայկական մշակույթին նվիրված «Չմոռանաս ինձ» ֆիլմից։ «Դիտեք այս պարը՝ որպես հարգանքի տուրք հայկական մշակույթին և ինքնությանը»,-այսպես է ներկայացվում Instagram-ում պարբերականի էջում հրապարակված տեսահոլովակը։
Գրառման հեղինակներն օգտատերերին հղումների միջոցով ուղղորդում են իրենց կայք, որտեղ հրապարակված է ֆիլմի ամբողջական տարբերակը։ Կադրերում խորեոգրաֆ Ալին Դերդերյանը պարում է դուդուկի հնչյունների ներքո և ներկայացնում է իր պատմությունը։
Դերդերյանի մայրը ֆրանսուհի է, հայրը՝ հայ։ Աղջիկը պատմում է, թե ինչ է նշանակում ծնվել ընտանիքում, որտեղ ծնողները երկու տարբեր մշակույթների ներկայացուցիչ են, և ինչ զգացողություն է՝ մշտապես լսել փորձությունների մասին, որոնցով ստիպված են եղել անցնել քեզ մտերիմ մարդիկ։
Ֆրանսիացին ամուսնացել է հայուհու հետ և Գուգարքում խաղ–գրքեր է ստեղծում երեխաների համար
«Հայ լինելը կրոնի, մշակույթի կամ հայրենասիրության հարց չէ։ Լինել հայ՝ նշանակում է կրել պատմություն, որը դեռ ամբողջությամբ չի պատմվել»,-ասում է աղջիկը։
Նշենք, որ Դերդերյանը փիլիսոփայության դոկտոր է, նրա ատենախոսությունը նվիրված է խորեոգրաֆիայի հարցերին։