ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի- Sputnik. ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հետ: Զրույցի առանցքային թեման ՀՀ սահմանամերձ տարածքում տիրող իրավիճակն էր: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Այվազյանն իր գործընկերոջը հանգամանալից ներկայացրել է Ադրբեջանի զինված ուժերի գործողությունների արդյունքում ՀՀ Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակը` անթույլատրելի համարելով միջազգային իրավունքի խախտմամբ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգության փորձերը:
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը և ԵԱՀԿ Գործող նախագահը համակարծիք էին, որ նմանատիպ գործողությունները լուրջ մարտահրավեր են տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղությանը:
«ԵԱՀԿ մասնակից պետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ Ադրբեջանի գործողությունները, դրանց նախորդած սպառնալիքներն ուղղակիորեն հետևանք են նախորդ տարի սեպտեմբերի 27-ին Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի և դրան հաջորդած շրջանում Ադրբեջանի ծայրաստիճան ագրեսիվ գործելակերպի հանդեպ միջազգային հանրության ոչ պատշաճ արձագանքի»,–ասել է Այվազյանը:
Կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը համատեղ և գործուն ջանքեր գործադրելու ԵԱՀԿ տարածաշրջանի անվտանգության, խաղաղության և կայունության պահպանմանն ուղղությամբ:
Հիշեցնենք` մայիսի 12–ին լրատվամիջոցներում ու սոցկայքերում լուրեր էին տարածվել, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին մարտական գործողություններ է սկսել։
Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը Facebook-ում գրել էր, որ թշնամին Իշխանասարի հատվածում պետական սահմանն անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։
ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունն էլ հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։
Ուշ երեկոյան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ տեղի ունեցավ այս թեմայի շուրջ, որի ընթացքում Փաշինյանը փաստեց, որ սա Արդբեջանի կողմից դեվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։
ԱԽ նիստ է կայացել նաև այսօր։ Փաշինյանը հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել։
Ադրբեջանցիները մտածված են եկել, իսկ հիմա պետք է գնան իրենց տեղերը. Սյունիքի մարզպետ