Ադրբեջանցիները հայ զինծառայողների հասցեին սպառնալիքներ են հնչեցրել. քրգործ է հարուցվել

Ադրբեջանցիները հայտարարել են, որ տարածքը պատկանում է իրենց։ Նրանք սպառնացել են զենք կիրառել:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Ադրբեջանի ԶՈւ զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանը Սյունիքի մարզի Սև լիճ հատվածում հատելու և ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Արմեն Սարգսյանը չափազանց մտահոգիչ է համարում Սյունիքում ստեղծված իրավիճակը

Ըստ հաղորդագրության` ՀՀ Գորիսի կայազորի զինվորական դատախազության հանձնարարությամբ ՀՀ ՊՆ Սիսիանի ռազմական ոստիկանության բաժնում նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2021թ.-ի մայիսի 12-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մի խումբ զինված զինծառայողներ, ԱՀ ԶՈւ մի քանի զորամիավորումների հրամանատարների կազմակերպմամբ, առանց թույլտվության հատել են ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի վարչական տարածքում գտնվող՝ Սև լճի հատվածում պահպանվող պետական սահմանը։

Մոտ 3-3.5 կմ առաջանալով ՀՀ տարածքով` նրանք դիրքավորվել են բարենպաստ բարձունքներից մեկի վրա և նրանց մոտեցած ՀՀ ԶՈւ զինծառայողների հասցեին բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով հայտնել, որ այդ տարածքը պատկանում է Ադրբեջանին, չեն թույլատրում առաջանալ, իսկ առաջանալու դեպքում սպառնացել են զենք կիրառել:

Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առկա են Ադրբեջանի ԶՈւ-ի զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանն ապօրինի հատելու և բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով ՀՀ տարածքի մասն այլ պետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելու հանցագործությունների հատկանիշներ պարունակող տվյալներ՝ Գորիսի կայազորի զինվորական դատախազությունում հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի երկրորդ մասի (Առանց սահմանված փաստաթղթերի կամ առանց պատշաճ թույլտվության Հայաստանի Հանրապետության պահպանվող պետական սահմանը հատելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից կամ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով) և 300.2-րդ հոդվածի հատկանիշներով (Տարածքային ամբողջականությունը խախտելուն` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքի մասը առանձնացնելուն կամ Հայաստանի Հանրապետության տարածքը կամ դրա մասը այլ պետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելը):

Քրեական գործով նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ ՔԿ Զինվորական քննչական գլխավոր վարչության (ԶՔԳՎ) 9-րդ կայազորային քննչական բաժնին:

Միաժամանակ Սևանի և Եղեգնաձորի կայազորների զինվորական դատախազությունների հանձնարարությամբ ՀՀ ՊՆ Վարդենիսի և Սիսիանի ՌՈ բաժիններում ևս նյութեր են նախապատրաստվում համապատասխանաբար ՀՀ Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում պետական սահմանի առանձին հատվածներում ևս այսօր արձանագրված նմանատիպ դրսևորումների հանգամանքները պարզելու նպատակով:

Հիշեցնենք` մայիսի 12–ին լրատվամիջոցներում ու սոցկայքերում լուրեր էին տարածվել, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին մարտական գործողություններ է սկսել։

Լիտվայի ԱԳ նախարարն անհանգստություն է հայտնել Սյունիքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը Facebook-ում գրել էր, որ թշնամին Իշխանասարի հատվածում պետական սահմանն անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունն էլ հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

Ուշ երեկոյան ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ տեղի ունեցավ այս թեմայի շուրջ, որի ընթացքում Փաշինյանը փաստեց, որ սա Ադրբեջանի կողմից դիվերսիայի փորձ է, և որ խնդիրը պետք է կարգավորվի բանակցությունների միջոցով։

ՊՆ–ն այսօր հայտնեց, որ Ադրբեջանը հերթական սադրանքն է իրականացրել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։

ԱԽ նիստ կայացավ նաև այսօր։ Փաշինյանը հայտարարեց, որ հանձնարարել է ՀԱՊԿ պայմանագրով նախատեսված խորհրդակցություններ սկսել։

Ադրբեջանցիները մտածված են եկել, իսկ հիմա պետք է գնան իրենց տեղերը. Սյունիքի մարզպետ