Զինվորականի փորձով Սյունիքի մարզպետը չէր կարող ասել, որ թշնամին մոլորվել է. մարզպետարան

Սյունիքի մարզպետարանը հայտարարություն է տարածել` անդրադառնալով լուրերին, ըստ որոնց` մարզպետն ասել է, որ ադրբեջանցիները Սյունիքում ոչ թե առաջ են եկել, այլ մոլորվել են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի- Sputnik. Սյունիքի մարզպետարանը հորդորում է Սյունիքի մարզպետին չվերագրել խոսքեր, որոնք իրականում նա չի ասել։ Մարզպետարանը ֆեյսբուքյան իր էջում հերքում է տարածել` անդրադառնալով այսօր տարածված լուրերին, թե մարզպետ Մելիքսեթ Պողոսյանն ասել է` ադրբեջանցիները Սյունիքում ոչ թե առաջ են եկել, այլ մոլորվել են։

Ադրբեջանը սադրիչ քայլերով փորձում է ճնշում գործադրել ՀՀ-ի վրա և պարտադրել իր պահանջները

Այսօր լրատվամիջոցներում ու սոցկայքերում լուրեր էին տարածվել, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին մարտական գործողություններ է սկսել։ ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունն էլ հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։

«Սյունիքի մարզպետը նման միտք որևէ լրատվամիջոցի հետ զրույցում չի հնչեցրել, նա առավոտից գտնվել է Սև լճի տարածքում ու օրվա վերջում նաև հայտարարել է, որ «ադրբեջանցիները մտածված եկել, սահմանը խախտել են»։ Հետևաբար, Պողոսյանը չէր կարող հակասել ինքն իրեն, կամ, առավել ևս, երկարամյա զինվորականի փորձով հայտարարել, թե հակառակորդը մոլորվել է»,–նշված է Սյունիքի մարզպետարանի գրառման մեջ։

Հիշեցնենք, որ Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը Facebook-ում գրել էր, որ թշնամին Իշխանասարի հատվածում պետական սահմանն անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։