Ընտրությունների հետ կապված դատախազությունում ձևավորվել է աշխատանքային խումբ

Աշխատանքային խումբն իրականացնելու է ընտրական գործընթացների վերաբերյալ մշտադիտարկում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի- Sputnik. Առաջիկա ընտրությունների հետ կապված ՀՀ գլխավոր դատախազությունում ձևավորվել է աշխատանքային խումբ։ Տեղեկությունը հայտնում է դատախազությունը։

Պատկերացնո՞ւմ եք` ընտրություններում հաղթի Քոչարյանը, իսկ Երևանի քաղաքապետ մնա դերասանը

«Նկատի ունենալով ընտրական ողջ գործընթացն առանց հանցավոր խախտումների, ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան անցկացնելու հրամայականը՝ աշխատանքային խումբը կղեկավարի անձամբ ՀՀ գլխավոր դատախազը: Խմբում ընդգրկվել են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալները, ինչպես նաև դատախազության և վերջինիս աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները»,–նշված է հաղորդագրության մեջ։

Աշխատանքային խումբն իրականացնելու է ընտրական գործընթացների վերաբերյալ ԶԼՄ-ների և տեղեկատվական-համացանցային այլ ռեսուրսների հրապարակումների մշտադիտարկում։

Առաջիկայում դատախազությունում կգործարկվի թեժ գիծ՝ ընտրություններում ներգրավված անձանց ահազանգերին արագ արձագանքելու նպատակով։ Այդ մասին դատախազությունը հավելյալ կիրազեկի։

ԿԸՀ նախագահը հայտնեց` ինչպես է պետք քվեարկել առաջիկա ընտրություններում

Նշվում է նաև, որ ընտրական հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում աշխատանքային խումբը կհամագործակցի կենտրոնական ընտրական հանձնաժողովի, դիտորդական կազմակերպությունների, իրավապահ մյուս մարմինների, ընտրությունները լուսաբանող լրատվամիջոցների հետ:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։