ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի -Sputnik. Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են իրավիճակը Պաղեստինում: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ նովոստին՝ հղում անելով Թուրքիայի նախագահի մամուլի ծառայությանը։
«Էրդողանն ասել է, որ միջազգային հանրությունը պետք է ուժեղ ու զսպող դաս տա Իսրայելին։ Այդ նպատակով Թուրքիան կշարունակի իր նախաձեռնությունները բոլոր մակարդակներում»,-նշված է հաղորդագրության մեջ:
Թուրքիայի նախագահը կարևորել է «Երուսաղեմում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ Ռուսաստանի ու Թուրքիայի հայացքների համընկումները»:
Էրդողանը նաև ընդգծել է, որ հետագա էսկալացիան կանխելու համար կարևոր է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը միջամտի այդ հարցին ու «Իսրայելին հարձակումների դադարեցման մասին վճռական ու հստակ ազդանշաններ տա»:
Հիշեցնենք, որ մայիսի 10-ին իրավիճակն Իսրայելի ու Գազայի պաղեստինյան հատվածի սահմանին կտրուկ սրվել է։ Պաղեստինյան խմբավորումները Գազայի հատվածից ավելի քան 600 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, «Երկաթե գմբեթ» իսրայելական ՀՀՊ համակարգը որսացել է դրանցից 200-ը: Իսրայելը հարվածներ է հասցրել Գազայի հատվածին, դրա հետևանքով, վերջին տվյալներով, երկու օրվա ընթացքում զոհվել է ավելի քան 30 մարդ, այդ թվում՝ 10 երեխա։ Եվս 203 մարդ վիրավորվել է: Հրթիռակոծության հետևանքով զոհվել է 5 իսրայելցի, ավելի քան 200-ը վիրավորվել է։
Իսրայելում ապրող հայերի շրջանում տուժածներ ու զոհեր չկան. պատրիարքարանի ներկայացուցիչ