Պետությունը պետք է ամբողջական տեղեկություն տա, մյուսները` խուճապ չառաջացնեն. ՄԻՊ–ի հորդորը

Արման Թաթոյանն անդրադարձել է Սյունիքում տիրող իրավիճակին` հայտնելով, որ իրավասու մարմինները պաշտոնական տեղեկությունը պետք է ժամանակին տրամադրեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի- Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հորդորում է Հայաստանի սահմանների վիճակի հետ կապված չտարածել խուճապ առաջացնող տեղեկություններ, իսկ պետությանը՝ ապահովել ժամանակին և ամբողջական տեղեկությունների տարածումը։ ՄԻՊ-ը Facebook–ի իր էջում գրառում է արել` անդրադառնալով Սյունիքում ստեղծված իրավիճակին։

ԱԱԾ–ն Սյունիքի իրավիճակի հետ կապված հայտարարություն է տարածել

«Պաշտպանն արձանագրում է, որ հանրությունն ունի իրավիճակի մասին ժամանակին ամբողջական, հստակ ու հավաստի տեղեկություններ ստանալու իրավունք։ Ուստի իրավասու մարմինները պետք է ներդնեն բոլոր ջանքերը տեղեկատվական դաշտում պաշտոնական ինֆորմացիան հնարավորինս լայն տարածելու ուղղությամբ՝ դրանով իսկ բացառելով ապատեղեկատվության տարածումը»,–նշված է ՄԻՊ–ի գրառման մեջ։

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն արձանագրել է նաև ՀՀ սահմանների հետ կապված խուճապ և լարվածություն առաջացնող ապատեղեկատվություն: Պաշտպանը հորդորում է լրատվամիջոցներին ու սոցցանցերի օգտատերերին ձեռնպահ մնալ նման տեղեկությունների տարածումից:

Նշվում է նաև, որ Թաթոյանը և նրա աշխատակազմը կապի մեջ են համայնքային ու պետական իրավասու մարմինների հետ, և Մարդու իրավունքների պաշտպանի իրավասության սահմաններում նույնպես ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր:

Հիշեցնենք` լրատվամիջոցներում ու սոցկայքերում լուրեր էին տարածվել, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին մարտական գործողություններ է սկսել։

Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը Facebook-ում գրել էր, որ թշնամին Իշխանասարի հատվածում պետական սահմանն անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։

ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունն էլ հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։