Մեր համագործակցությունը տարածաշրջանի անվտանգության կարևորագույն երաշխիքներից է. Փաշինյան

ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնակատարը կարծում է, որ զգայուն հարցերում պետք է հավասարակշռված և կառուցողական դիրքորոշում պահպանել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց, որ հայ-վրացական համագործակցությունը տարածաշրջանի կայունության ապահովման կարևորագույն երաշխիքներից մեկն է։

Փաշինյանը նշեց, որ Ղարիբաշվիլիի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են ինչպես երկկողմ օրակարգի հարցեր, այնպես էլ տարածաշրջանային խնդիրներ, մասնավորապես ղարաբաղյան հակամարտության կարգավորումը:

«Ղարաբաղյան հակամարտությունը պետք է վերջնականապես կարգավորվի խաղաղ գործընթացի շրջանակներում ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափում և միջնորդների առաջարկած սկզբունքների հիման վրա», - ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Մեր համագործակցությունը տարածաշրջանի անվտանգության կարևորագույն երաշխիքներից է. Փաշինյան

Փաշինյանի խոսքով`ինքը վրացի գործընկերոջ հետ զրույցի ընթացքում համոզմունք է հայտնել, որ յուրաքանչյուր հակամարտություն ունի իր առանձնահատկությունը, ինչպես նաև կարևորել է հավասարակշռված և կառուցողական դիրքորոշման պահպանումը երկու կողմերի համար զգայուն հարցերի շուրջ:

Վրաստանի վարչապետն իր հերթին, անդրադառնալով այդ խնդրին, ընդգծեց, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները բարդություններ բերեցին ողջ տարածաշրջանի համար:

«Կարծում ենք, որ խաղաղությանն ու երկխոսությանն այլընտրանք չկա»,- ասաց Ղարիբաշվիլին:

Մեր համագործակցությունը տարածաշրջանի անվտանգության կարևորագույն երաշխիքներից է. Փաշինյան

Հիշեցնենք` Ղարիբաշվիլին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել այսօր։

Հայաստանյան այցի շրջանակում հանդիպումներ են նախատեսված ոչ միայն ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, այլև ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ: 

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի անունից ի պատիվ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի կտրվի պաշտոնական ընթրիք:

Ղարիբաշվիլին նախկինում Հայաստան է այցելել ինչպես Վրաստանի վարչապետի կարգավիճակով` 2014-ին և 2019-ին, այնպես էլ 2020–ին` որպես պաշտպանության նախարար: