Առևտրային և տնտեսական կապեր․ ի՞նչ են պայմանավորվել Հայաստանի և Վրաստանի վարչապետները

Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների զարգացումն առանձնահատուկ տեղ է զբաղեցնում Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվել են նոր լիցք հաղորդել առևտրային և տնտեսական կապերի զարգացմանը։ Այս մասին ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։

Փաշինյանի խոսքով՝ վրացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ կարևորել է տարանցիկ ներուժի զարգացումը, ինչպես նաև տրանսպորտային հանգույցների առավել արդյունավետ օգտագործումը:

Վրաստանի վարչապետն այցելեց Ծիծեռնակաբերդ. լուսանկարներ

«Մենք համագործակցության լայն օրակարգ ունենք, որը բազմաթիվ ոլորտներ է ընդգրկում։ Այսօր հնարավորություն ունենք շարունակել Վրաստանի կառավարության հետ հաստատված երկխոսությունը»,-ասել է Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են տրանսպորտային, էներգետիկ և այլ ոլորտներում փոխգործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները: Պայմանավորվել են ավելի շատ ուշադրություն դարձնել առևտրային և տնտեսական կապերի զարգացմանը։

Նշվել է նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների համագործակցության ներուժի օգտագործման անհրաժեշտությունը: Քննարկվել են կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր, մտքեր են փոխանակվել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարին ուղղված քայլերի շուրջ։

Փաշինյանը նշել է նաև, որ Վրաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների զարգացումն ու խորացումը առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Երևանի արտաքին քաղաքական օրակարգում։

Իր հերթին Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ հայ գործընկերոջ հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել պահպանել բարձր մակարդակով այցերի դինամիկան, ինչպես նաև նպաստել միջգերատեսչական սերտ համագործակցությանը:

Հայաստանի կայունությունը և զարգացումը մեծ նշանակություն ունի Վրաստանի համար. Ղարիբաշվիլի

«Չնայած մեր երկրների միջև առկա ինտենսիվ հարաբերություններին, դրանց զարգացման մեծ ներուժ կա, ընդ որում՝ ոչ մեկ ուղղությամբ»,-ասել է Ղարիբաշվիլին։

Հիշեցնենք, որ 2018 թ․-ի սեպտեմբերին Երևան կատարած այցի ժամանակ Վրաստանի այն ժամանակվա վարչապետ Մամուկա Բախտաձեն Հայաստանին առաջարկել էր ապրանքաշրջանառությունը հասցնել 1 մլրդ դոլարի: Հայաստանի և Վրաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2020 թ․-ին կազմել է 129,7 մլն դոլար: Սա 12 տոկոսով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից՝ 150 մլն դոլար։

Հիշեցնենք` Ղարիբաշվիլին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել այսօր։

Հայաստանյան այցի շրջանակում հանդիպումներ են նախատեսված ոչ միայն ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, այլև ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ինչպես Բաղրամյան 26-ում դիմավորեցին Վրաստանի վարչապետին. լուսանկարներ

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի անունից ի պատիվ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի կտրվի պաշտոնական ընթրիք:

Ղարիբաշվիլին նախկինում Հայաստան է այցելել ինչպես Վրաստանի վարչապետի կարգավիճակով` 2014-ին և 2019-ին, այնպես էլ 2020–ին` որպես պաշտպանության նախարար: