ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Հայաստանի կայունությունն ու ժողովրդավարական զարգացումը մեծ նշանակություն ունեն Վրաստանի և ողջ տարածաշրջանի համար։ Այս մասին Երևանում համատեղ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Մենք վստահ ենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները կլինեն թափանցիկ, և որ հայ ժողովուրդը ևս մեկ անգամ աշխարհին ցույց կտա իր հավատարմությունը ժողովրդավարական սկզբունքներին»,-ասել է Ղարիբաշվիլին։
Նա նշել է, որ Վրաստանը պատրաստ է աջակցել տարածաշրջանային երկխոսությանը տնտեսության, առևտրի, մշակույթի և այլ հարցերում:
Ղարիբաշվիլիի խոսքով՝ Վրաստանը միշտ էլ Հարավային Կովկասում խաղաղ համագործակցության կողմնակիցն է եղել, և այդ ուղղությունը կշարունակվի նաև ապագայում:
Նա ընդգծել է, որ մեր երակները կապված են բազմադարյա պատմությամբ, մշակույթների և ավանդույթների նմանությամբ։ Վրաստանի վարչապետը համոզված է` ապագան պետք է կառուցվի այդ արժեքների վրա՝ միաժամանակ չմոռանալով առաջընթացի, նորարարությունների, ժողովրդավարության մասին։
Ղարիբաշվիլին ընդգծել է, որ այդ ամենը հնարավոր է միայն տարածաշրջանային կայունության պայմաններում: Կորոնավիրուսի համավարակը մի կողմից, Արցախյան պատերազմը մյուս կողմից մի շարք սպառնալիքներ ու մարտահրավերներ են ստեղծել տարածաշրջանում, սակայն Վրաստանում վստահ են, որ խաղաղությունը, բանակցություններն ու տարածաշրջանային երկխոսությանը այլընտրանք չունեն։
Հիշեցնենք` Ղարիբաշվիլին պաշտոնական այցով Հայաստան է ժամանել այսօր։
Հայաստանյան այցի շրջանակում հանդիպումներ են նախատեսված ոչ միայն ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, այլև ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Ինչպես Բաղրամյան 26-ում դիմավորեցին Վրաստանի վարչապետին. լուսանկարներ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի անունից ի պատիվ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի կտրվի պաշտոնական ընթրիք:
Ղարիբաշվիլին նախկինում Հայաստան է այցելել ինչպես Վրաստանի վարչապետի կարգավիճակով` 2014-ին և 2019-ին, այնպես էլ 2020–ին` որպես պաշտպանության նախարար: