Այս պահին բանակցություններ են ընթանում. ՊՆ–ն մեկնաբանում է Իշխանասարի հետ կապված լուրերը

Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են աշխատանքները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Մայիսի 12-ի վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։ Այս պահին ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։

ՊՆ–ն վստահեցնում է, որ «Իշխանասարի ուղղությամբ ընթացող մարտերի մասին» մամուլում տարածվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. նման զարգացումների դեպքում պաշտպանության նախարարությունն առաջինը հանդես կգար հայտարարությամբ։

Կան տեղեր, որ մերոնք 50 մետր առաջ են. նախարարի պաշտոնակատարը` Սյունիքի սահմանի մասին

Գերատեսչությունը հորդորում է ձեռնպահ մնալ չճշտված, առավել ևս խուճապ տարածող տեղեկություններ հրապարակելուց:

Նշենք, որ լրատվամիջոցներում ու սոցկայքերում լուրեր են տարածվել, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին մարտական գործողություններ է սկսել։

Գորիսի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանը Facebook-ում գրել է, որ թշնամին Իշխանասարի հատվածում պետական սահմանն անցել է և ևս երեք կիլոմետր առաջ եկել դեպի Վերիշեն բնակավայր։