Ռուսաստանի ներկայացուցիչը Սյունիքում է, բանակցություններ են ընթանում. Անդրանիկ Քոչարյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի կարծիքով` այս պահին ՀԱՊԿ–ի միջամտության կարիքը չկա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի- Sputnik. Ռուսաստանի ներկայացուցիչն այս պահին գտնվում է Սյունիքում և բանակցություններ են ընթանում։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում տեղեկությունը հայտնեց իմքայլական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը` անդրադառնալով Սյունիքում ստեղծված իրավիճակին։

ԱԱԾ–ն Սյունիքի իրավիճակի հետ կապված հայտարարություն է տարածել

Լրատվամիջոցներում ու սոցկայքերում լուրեր էին տարածվել, թե Սյունիքի մարզի Իշխանասար գյուղի հատվածում թշնամին մարտական գործողություններ է սկսել։ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ մայիսի 12-ի առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում, սակայն հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները։

«Այս պահին Սյունիքում է գտնվում նաև ՀՀ սահմանապահ զորքերի հրամանատարը։ Ինչպես առավոտյան, այնպես էլ հիմա գնում է լարվածության հետ կապված խնդիրների լուծման և հստակեցման գործընթաց։ Համոզված եմ, որ բանակցություններն ունենալու են իրենց հանգուցալուծումը»,–ասաց Քոչարյանը։

Նրա խոսքով` այս հարցում Ռուսաստանը մտածելու տեղ ունի, քանի որ հրադադարի կնքման հարցում ՌԴ–ն ծանրակշիռ դեր ունի։

Քոչարյանը նշեց` Սյունիքում ստեղծված խնդրի լուծմամբ հիմա զբաղված են ՌԴ ներկայացուցիչները` ամենաբարձր մակարդակով։

Նա կարծում է, որ նման դեպքեր դեռ լինելու են, սակայն խնդիրն այժմ այն է, որ նման դեպքերը հրադադարի ռեժիմի խախտման չհանգեցնեն։

Ըստ Անդրանիկ Քոչարյանի` այս պահին ՀԱՊԿ–ի միջամտության կարիքը չկա։ Ավելին, ինքը մայիսի 25-ին Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ–ի կոորդինացիոն խորհրդի նիստում ելույթ է ունենալու և անհրաժեշտության դեպքում այսօրվա դեպքին էլ անդրադարձ կկատարի։

Այս պահին բանակցություններ են ընթանում. ՊՆ–ն մեկնաբանում է Իշխանասարի հետ կապված լուրերը