ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. «Հրապարակ» թերթն իր այսօրվա համարում անդրադարձել է առաջիկա արտահերթ ընտրություններին և նկատել, որ ընտրություններին ընդառաջ, կուսակցաշինության բումը և արդեն իսկ դաշտում գոյություն ունեցող կուսակցությունների համագումարների շքերթը շարունակվում են։
«Մայիսի 15-ին համագումար է նշանակել Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը»՝ կառավարման նոր խորհուրդ են ընտրելու։ Կուսակցության աղբյուրներից տեղեկացանք, որ անակնկալ դեմքեր կհամալրեն առկա կազմը։
Նույն օրը երեք նորաստեղծ ուժերի հիմնադիր համագումարն է նշանակված՝ «Ձայն», «Ապագայի երկիր», «Արդար Հայաստան»։ Ավելին՝ երկու անգամ հետաձգված ՀԱԿ-ի համագումարը ևս պլանավորել էին մայիսի 15-ին, բայց հետաձգեցին 16-ին»,–գրում է թերթը։
«Հրապարակի» տվյալներով` թե՛ ՀԱԿ-ը, թե՛ ԼՀԿ-ն ընտրարշավին մասնակցելու դեպքում պայքարելու են, այսպես կոչված, երրորդ ուժի տեղի համար, այսինքն՝ նախկիններին և ներկաներին մերժողների էլեկտորատի վրա են աշխատելու։ «Համագումարներում պաշտոնապես կհայտարարվի ընտրություններին մասնակցել-չմասնակցելու և մասնակցության ձևաչափի մասին»,–գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք այսօրվա համարում։
Հիշեցնենք` 2021թ–ի մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատել էր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։
Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց իր հրաժարականի մասին։
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 10-ի հրամանագրով խորհրդարանական արտահերթ ընտրությունների օր է նշանակել հունիսի 20-ը։