Պարզվել է` ով է Նոր Նորքում եղբայրներից մեկին սպանած, մյուսին վիրավորած տղամարդը

Երիտասարդի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են մայիսի 8-ին Երևան քաղաքի Մոլդովական փողոցում տեղի ունեցած 37-ամյա տղամարդու սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, ինչպես նաև ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

«Նա Երևան քաղաքի 30-ամյա բնակիչ է»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ որոշում է կայացվել՝ վերջինիս՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց նկատմամբ սպանության փորձ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) որպես մեղադրյալ ներգրավելու մասին:

«Վայ, Հովո ջան․․․»․ ականատեսը՝ Նոր Նորքում հնչած կրակոցների ու սպանության մասին

Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք` մայիսի 8-ին`ժամը 06:30-07։30-ի հատվածում, ոստիկանությունն ահազանգ էր ստացել, որ Նոր Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցում կրակոցներ են հնչել: Ոստիկանները Մոլդովական փողոցի 1-ին և 3-րդ շենքերի հարևանությամբ՝ ճանապարհին, հայտնաբերել էին տղամարդու դի: Դեպքի վայրից մեկ հոգի էլ հրազենային վիրավորումով տեղափոխվել էր հիվանդանոց։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ սպանվածն ու վիրավորը եղբայրներ են։