ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կազանի դպրոցներից մեկում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, խորապես ցնցված եմ սույն թվականի մայիսի 11-ին Կազանի թիվ 175 դպրոցում տեղի ունեցած ողբերգության լուրից: Հատկապես շատ ցավալի է, որ զոհերի մեծ մասը երեխաներ են: Խնդրում եմ Ձեզ անկեղծ ցավակցություններ և զորակցության խոսքեր փոխանցել զոհերի հարազատներին ու մտերիմներին և շուտափույթ ապաքինում մաղթել բոլոր տուժածներին»,–նշված է ցավակցական հետագրում:
Հիշեցնենք` այսօր Կազանի թիվ 175 դպրոցում կրակոցներ են հնչել, երեխաներ են մահացել, տասնյակ վիրավորներ կան։ Թաթարստանի իշխանությունների տվյալներով` մահացածներից յոթը երեխաներ են, մեկը` ուսուցչուհի, 21 վիրավոր կա:
Իսկ Ազգային հակաահաբեկչական կոմիտեի տվյալներով` հրաձգության հետևանքով 7 երեխա է մահացել, 16 վիրավոր կա։ Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը հայտարարել է, որ հրաձգությունը կազմակերպել է 19-ամյա մի երիտասարդ, որի անունով զենք կա գրանցված: ՌԴ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ մասով (երկու և ավելի անձանց սպանություն):
Կազանի դպրոցում տեղի ունեցած հրաձգությունից հետո Պուտինը հրատապ հանձնարարություն է տվել
Մայիսի 12-ը Թաթարստանում սգո օր է հայտարարվել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել զոհված երեխաների ծնողներին և շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին: