Ինը զոհ, ավելի քան երկու տասնյակ վիրավորներ. սրանք քննչական կոմիտեի տվյալներ են։ Կազանի թիվ 175 վարժարանի նախկին աշակերտ Իլնազ Գալյավիևն այսօր առավոտյան զենքով մտել է դպրոց ու իսկական սպանդ կազմակերպել այնտեղ: Գալյավիևին ձերբակալել են, նրա հետ արդեն աշխատում են քննիչները։
Առաջին դասաժամ
Կրակոցները հնչել են առավոտյան ժամը 10-ին։
«Ժամը 08: 55–ին մաթեմատիկայի դասը սկսվեց երրորդ հարկի դասասենյակում,– ՌԻԱ Նովոստիին պատմել է վեցերորդ դասարանի աշակերտ Ռոման (անչափահասի անունը փոխվել է): - Մի 15 րոպե անց դրսից դղրդյուն լսվեց։ Մտածեցինք` աղբատարն է, սկսեցինք պատուհանից դուրս նայել, բայց ուսուցիչը հրահանգեց վերադառնալ նստարանների մոտ»։
Դպրոցի տնօրենը բարձրախոսով խնդրել է բոլոր ուսուցիչներին փակել դասարանների դռները և ոչ մեկի առաջ չբացել։
«Մենք թաքնվեցինք նստարաների տակ, իսկ 10 րոպե անց ուժգին պայթյուն լսվեց, նույնիսկ պատերը ցնցվեցին, — հիշում է Ռոման։ - Հետո մեզ ասացին, որ ռումբ են գցել առաջին հարկում գտնվող դասարանի մոտ։ Դրանից անմիջապես հետո ինչ-որ մեկը սկսեց ուժեղ խփել դռանը, բայց մենք չբացեցինք, իսկ մի քանի վայրկյան անց միջանցքում սկսեցին կրակել։ Ավելի շատ վախեցանք, երբ նորից սկսեցին դուռը թակել»։
Դա արդեն հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցն էր, նա դռան տակից ցույց է տվել ծառայողական վկայականը։ Բոլորին հանել են միջանցք և հետո դուրս բերել վթարային ելքով։
«Դասարանում վառոդի ուժեղ հոտ էր տարածվել, - պատմել է մեկ այլ աշակերտ, որը նույնպես եղել է երրորդ հարկում։ - Դա մի քանի րոպե տևեց, հետո ոստիկանները հայտնվեցին։ Մեզ փողոց հանեցին ու հեռու տարան դպրոցի տարածքից։ Ասացին` մարդասպանին դեռ չեն ձերբակալել. նա կարող է կրակել պատուհաններից»։
Դպրոցականի խոսքով` իրենց զգուշացրել են, որ հարձակվողները երկուսն են, բայց ուժային գերատեսչություններն ավելի ուշ հերքեցին այդ տեղեկությունը։
«Ատում եմ բոլորին»
Նախնական տվյալներով ՝ արյունալի սպանդի հեղինակը 19-ամյա Իլնազ Գալյավիևն է։ Ձերբակալությունից հետո նրան տեղափոխել են ոստիկանության բաժին և կապել խցիկի ճաղավանդակին։ Համացանցում հրապարակված կադրերում երևում է, որ նա չի զղջում իր արածի համար:
Գալյավիևը 9 տարի է սովորել այդ դպրոցում։ 2017-ին ընդունվել է տեղի քոլեջ։ «Շատ հանգիստ տղա էր, քիչ շփվող, — պատմել է զուգահեռ դասարանի աշակերտուհիներից մեկը։ - Լավ էր սովորում, տնային առաջադրանքների հարցում հաճախ էր օգնում ինձ: Երբեք չէր մերժում»։
Երիտասարդի փակ բնավորության վկայությունն է նաև այն հանգամանքը, որ դպրոցում շատերն իսպառ մոռացել էին նրա անունը։ Հիշել են միայն այն բանից հետո, երբ տեսել են Գալյավիևի լուսանկարը։
«Այո, իրոք, նա քիչ էր շփվում, - հաստատել է 175-րդ դպրոցի շրջանավարտ Ռուսլանը։ – Բայց թվում էր, թե ոչ մեկին վնաս չի տա։ Նրան ոչ ոք չի ճնշել։ Մեզ մոտ ընդհանրապես բոլորը շատ համերաշխ էին։ Ուսուցիչները Իլնազին լավ էին վերաբերվում, թաթարերենի ուսուցչի ամենասիրելի աշակերտն էր»։
Դպրոցի վրա հարձակումից առաջ Գալյավիևը Telegram-ալիք է ստեղծել, հրապարակել իր լուսանկարը և հայտնել, որ պատրաստվում է ազատվել բոլորից։
Առաջին հարցաքննության ժամանակ բարձրաձայն բղավել է ու հայհոյել։ Ասել է, որ երկու ամիս առաջ իրեն աստված է զգացել։
«Իսկ ամռանը իմ մեջ սկսեց արթնանալ հրեշը։ Ես սկսեցի ատել բոլորին։ Ես միշտ էլ ատում էի բոլորին, սկսեցի է՛լ ավելի ատել», — ասել է նա։
Ի՞նչ է սա` հոգեկան խանգարման նմանակում, թե՞ իրական խանգարում, կպարզեն փորձագետները։
Ի՞նչ է կատարվում Կազանի դպրոցում, որտեղ երեխաներ են սպանվել. շենքի ներսում արված կադրեր