ՌԱԴԻՈ

Մենաշնորհներ չկան, բայց կան գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություններ. տնտեսագետ

Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արմեն Քթոյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է տնտեսական միտումներին, որոնց մասին Ազգային ժողովի ամբիոնից նախօրեին խոսեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Sputnik
Մենաշնորհներ չկան, բայց կան գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություններ. տնտեսագետ

Արմեն Քթոյանի դիտարկմամբ` մենք երկար ժամանակ ունեցել ենք երկու զուգահեռ ինստիտուտներ, մի կողմից ունեցել ենք օրենքով սահմանված հարկային բեռ, մյուս կողմից ունեցել ենք փաստացի հարկային բեռ, որը կրել են տնտեսվարող սուբյեկտները և տվյալ երկու գործոններն իրարից զգալիորեն տարբերվել են։ 

«Որոշ ընտրյալների պարագայում փաստացի բեռն ավելի թույլ է եղել, քան օրենքով սահմանված հարկային բեռը, իսկ մյուսների դեպքում գործել է հակառակ տարբերակը։ Հենց այս երկրորդ խմբի վերաբերյալ է օգտագործվել «հարկայինը քերում էր» եզրույթը, բայց հիմա վերոհիշյալ երկու մոդելները մեկտեղվում են մեկի մեջ, այսինքն` պրակտիկան և օրենսդրությունը հնարավորինս համապատասխանեցվում են իրար, ինչը բնորոշ է քաղաքակիրթ երկրների հարկային համակարգին»,– նշեց տնտեսագետը։ 

Հարկային եկամուտները ռեկորդ են սահմանել. Փաշինյանը բացեց խորամանկության գաղտնիքը

Քթոյանի կարծիքով` երկար ժամանակ մեզանում քննադատվում էր ոչ թե մենաշնորհ երևույթն ինքնին, այլ «արհեստական մենաշնորհ» կոչված երևույթը, արհեստական ասելով հասկացվում էր մի իրավիճակ, երբ պետական չինովնիկն օգտագործելով իր լծակները` արհեստական առավելություններ էր ստեղծում այս կամ այն տնտեսվարող սուբյեկտի համար, ինչը ձևախեղում էր տնտեսական մրցակցությունը` ստեղծելով լրջագույն խնդիրներ տնտեսվարող սուբյեկտների մոտիվացիայի առումով։ 

«Հակված եմ ընդունել Նիկոլ Փաշինյանի այն դիտարկումը, որ արհեստական մենաշնորհների համար նախկինում եղած պարարտ հողն այսօր չկա։ Բայց դա չի նշանակում, որ չունենք գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություններ։ Համենայն դեպս դրանց գոյությունն ավելի շատ պայմանավորված է տնտեսական գործոններով կամ քաղաքական ու վարչական լծակների գործադրմամբ»,– նշեց տնտեսագետը։

Քթոյանի գնահատմամբ` խոսքն ավելի շուտ բնական մենաշնորհների մասին է, երբ ընկերություններն օգտվում են ոչ թե արհեստական մենաշնորհային դիրքից, այլ առաջնորդվում են այս պահի դրությամբ օբյեկտիվորեն ձևավորված իրողություններով, այսինքն` տնօրինում են շուկայի ինչ–որ մի հատված, որտեղից մրցակիցները չեն կարող նրանց հեշտությամբ կամ տնտեսական մեթոդների կիրառմամբ շատ արագ դուրս մղել։

Ռուս գործընկերները կօգնեն պայքարել հակամենաշնորհային օրենսդրության խախտումների դեմ

Հիշեցնենք, որ խորհրդարանն արձակելու ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով մայիսի 10-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստում «Իմ քայլը» խմբակցության կողմից երկրորդ անգամ վարչապետի թեկնածու առաջադրված ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձավ իր իշխանության տարիներին Հայաստանում արձանագրված տնտեսական ցուցանիշներին։