ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Լիտվայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում այսօր` մայիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Լիտվայի Սեյմասի նախագահ Վիկտորյա Չմիլիտե-Նիլսենի հետ, հայտնում են ԱԺ հասարակայնության հետ կապերի ու հաղորդակցության վարչությունից։
Հայաստանի խորհրդարանի խոսնակը բարձր է գնահատել Լիտվայի աջակցությունը Հայաստանին համաճարակի դեմ պայքարում և երախտագիտություն հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման, Ցեղասպանության զոհերի հիշատակի արարողություններին Լիտվայի բարձր մակարդակով մասնակցության համար:
Արարատ Միրզոյանը նշել է, որ Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ հրաժարվելով վերադարձնել հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց: Ի հավելումն դրա՝ Ադրբեջանի իշխանությունը շարունակում է հայատյացության իր քաղաքականությունը, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ արցախահայերը որևէ պարագայում չեն կարող անվտանգ ապրել այդ երկրի կազմում:
Սեյմասի նախագահը նշել է, որ Լիտվան շարունակում է անհանգստություն հայտնել ինչպես ռազմագերիների վերադարձի գործընթացի, այնպես էլ Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության նկատմամբ ոտնձգությունների վերաբերյալ:
Ի դեպ, այս տարի լրանում է Հայաստանի և Լիտվայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը:
Հիշեցնենք, որ ոչ պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում է գտնվում մոտ 200 գերի։ Մինչ օրս Հայաստանին է վերադարձվել 73 զինվորական ու քաղաքացիական անձ։