Իսպանացի պատգամավորներն Ադրբեջանից պահանջել են ազատ արձակել հայ ռազմագերիներին

Արցախյան պատերազմի օրերին` 2020 թ–ի հոկտեմբերին, Իսպանիայի Կոնգրեսի 21 պատգամավորներ և 15 սենատորներ Հայաստանի և Արցախի նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող համատեղ հայտարարություն էին տարածել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Իսպանիայի Կոնգրեսի մի խումբ պատգամավորներ ու սենատորներ հայ գերիների վերադարձի պահանջով բողոքի ակցիա են անցկացրել Իսպանիայի խորհրդարանի շենքի դիմաց։ Ինչպես հայտնում է Իսպանիայում ՀՀ դեսպանատունը, նրանք այդկերպ Ադրբեջանից պահանջել են ազատ արձակել հայ ռազմագերիներին։

««Ազատություն հայ ռազմագերիներին» գրառմամբ պաստառներով այսօր նրանք միասին լուսանկարվել են Կոնգրեսի կենտրոնական մուտքի առջև»,– ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` արցախյան 44–օրյա պատերազմի օրերին` 2020 թ–ի հոկտեմբերին, Իսպանիայի Կոնգրեսի 21 պատգամավորներ և 15 սենատորներ Հայաստանի և Արցախի նկատմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիան դատապարտող համատեղ հայտարարություն էին տարածել` միջազգային հանրությանը կոչ անելով ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ Արցախի քաղաքացիների խաղաղ կյանքի իրավունքն ապահովելու նպատակով։

ԵԽ պատգամավորները դիմել են ԵԽ նախագահին՝ հարկադրելու Ադրբեջանին ազատել հայ գերիներին