ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանը Կազանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ նախագահ Սարգսյանն իր խորին ցավակցությունն է հայտնել Կազանի դպրոցներից մեկում տեղի ունեցած սարսափելի ողբերգության կապակցությամբ, կարեկցանքի խոսքեր ուղղել զոհվածների հարազատներին ու մտերիմներին, իսկ տուժածներին շուտափույթ ապաքինում մաղթել:
Ավելի վաղ կազանյան ողբերգության առթիվ ՌԴ նախագահին ցավակցել էր նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք` այսօր Կազանի թիվ 175 դպրոցում կրակոցներ են հնչել, երեխաներ են մահացել, տասնյակ վիրավորներ կան։ Թաթարստանի իշխանությունների տվյալներով` մահացածներից յոթը երեխաներ են, մեկը` ուսուցչուհի, 21 վիրավոր կա:
Իսկ Ազգային հակաահաբեկչական կոմիտեի տվյալներով` հրաձգության հետևանքով 7 երեխա է մահացել, 16 վիրավոր կա։ Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիխանովը հայտարարել է, որ հրաձգությունը կազմակերպել է 19-ամյա մի երիտասարդ, որի անունով զենք կա գրանցված: ՌԴ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածի 2-րդ մասով (երկու և ավելի անձանց սպանություն):
Կազանի դպրոցում տեղի ունեցած հրաձգությունից հետո Պուտինը հրատապ հանձնարարություն է տվել
Մայիսի 12-ը Թաթարստանում սգո օր է հայտարարվել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել զոհված երեխաների ծնողներին և շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին: