Բացառել դրամահավաքը, «Վերջին դասն» անցկացնել բացօթյա. ԿԳՄՍՆ-ի նոր շրջաբերականը

Նախարարությունը շրջաբերականում առաջարկ է հնարավորինս սահմանափակել «Վերջին դաս» միջոցառման մասնակիցների թիվը՝ պահպանելով համավարակի կանոնները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջաբերական նամակով դիմել է Երևանի քաղաքապետարանին և ՀՀ մարզպետարաններին՝ առաջարկելով հանձնարարել իրենց ենթակա ուսումնական հաստատություններին հունիսի 4-ին ավարտական դասարաններում կազմակերպվող «Վերջին դաս» միջոցառումը հնարավորության դեպքում անցկացնել բացօթյա: Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունը։

Ո՞ր դեպքում և ո՞ր ուսուցիչները կստանան աշխատավարձի 30-50 %-ի չափով հավելավճար

«Շրջաբերականում նախարարությունը կոչ է արել բացառել որևէ դրամահավաք, որի վերաբերյալ արդեն ստացվում են համապատասխան ահազանգեր: Նույնաբովանդակ գրություն է ուղարկվել նաև ԿԳՄՍ նախարարության ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Հավելենք, որ շրջաբերականում առաջարկ է հնչել նաև հնարավորինս սահմանափակել միջոցառման մասնակիցների թիվը՝ պահպանելով համավարակի կանոնները:

Հիշեցնենք՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն երեկ հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում նշել էր, որ այս տարի կթույլատրվի Վերջին զանգի միջոցառումներ անցկացնել, սակայն իրենք ավելի նախապատվություն են տալիս «Վերջին դասին»:

ԿԳՄՍ փոխնախարարը շեշտել էր, որ իրենց  քաղաքականությունն է զերծ մնալ ավելորդ ճոխություններից և ավելի շատ ուշադրություն դարձնել «Վերջին դասի» խորհրդին՝ որպես ուսումնական գործընթացի ամփոփում: