ՌԱԴԻՈ

«Ազգային արժույթի փոխարժեքն արհեստականորեն պահելն իմաստ չունի». Քառյանը` ասիմետրիայի մասին

«Լոգիկա» գործարար, ֆինանսական և տնտեսական անկախ հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արա Քառյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ազգային արժույթի տատանումների խնդրին։
Sputnik
«Ազգային արժույթի փոխարժեքն արհեստականորեն պահելն իմաստ չունի». Քառյանը` ասիմետրիայի մասին

Արա Քառյանի դիտարկմամբ` ՀՀ կենտրոնական բանկը վաղուց է որդեգրել դրամի լողացող փոխարժեքի քաղաքականությունը, իսկ թե կհաջողվի փոխարժեքը կայուն պահել, թե ոչ, կախված է բազմաթիվ գործոններից։

Մենաշնորհներ չկան, բայց կան գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություններ. տնտեսագետ

«Կարծում եմ, որ ազգային արժույթի տատանվող փոխարժեքը կլինի կառավարելի միջակայքում։ Մենք այս դժվար ժամանակահատվածում, պայմանավորված կորոնավիրուսով ու պատերազմով, իհարկե ունեցանք գնաճ և փոխարժեքի բարձրացում, բայցևայնպես դրանք տարբեր երևույթներ են, որովհետև փոխարժեքը համարժեք չէ գնաճին»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց տնտեսագետը։

Քառյանի գնահատմամբ`այն, ինչ աստիճանաբար իրականացրեց ԿԲ–ն, իրատեսական էր, սակայն արհեստականորեն դրամի փոխարժեքը պահելն էլ իմաստ չունի, այլապես նորից կընկնենք ասիմետրիայի մեջ, որը բոլոր դեպքերում խախտում է համամասնությունները, և քանի որ մենք ներկրող երկիր ենք, ուստի տնտեսագետի համոզմամբ` արտահանողներին խթանելու համար պետք չէ թույլ տալ որևէ ասիմետրիա։

Հիշեցնենք, որ վերջին 4-5 տարիներին՝ մինչև 2020 թ-ի ճգնաժամային իրադարձությունները, Հայաստանում դոլարի փոխարժեքը հիմնականում է կազմում էր 480-485 դրամ։ 2020 թ-ի նոյեմբերին այն աճեց մինչև 520 դրամ և կայունացավ, բայց ապրիլի սկզբին ավելացավ մինչև 530 դրամ և ավելի։ ԿԲ ինտերվենցիայից հետո հայկական դրամի փոխարժեքը նվազեց մինչև 520 դրամ:

Հավելենք, որ դրամի կտրուկ անկումը զսպելու համար Հայաստանի ԿԲ–ն արժույթ է «ներարկել» շուկա, այլ կերպ ասած՝ ինտերվենցիա է կատարել։ ԿԲ-ն արդեն հնարավորություն է տվել առևտրային բանկերին շահավետ պայմաններով համալրելու արժույթի պաշարները։