Ամփոփվել է քրգործի ուսումնասիրությունը. Փաշինյանը հանդիպել է զոհվածների հարազատներին

Վարչապետի պաշտոնակատարի օգնական Աննա Վարդապետյանը մանրամասներ է ներկայացրել կատարված ուսումնասիրության արդյունքում կազմված խորհրդատվական եզրակացության վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների հարազատների հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվել է ՀՀ վարչապետի՝ 2020 թվականի օգոստոսի 3-ի թիվ 888-Ն որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի կատարած ուսումնասիրության արդյունքում կազմված առաջին խորհրդատվական եզրակացությունը: Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։

«Մենք մի քանի ամիս առաջ հանդիպեցինք, պայմանավորվածություններ ձեռք բերեցինք: Այդ ընթացքում եղավ պատերազմը և ձեզ հայտնի իրադարձությունները, բայց աշխատանքն առաջ է գնացել, և մենք ունենք առաջին ամփոփումը: Առաջին գործը, որն ուսումնասիրվել է, Տիգրան Օհանջանյանի մահվան դեպքի առիթով հարուցված քրեական գործն է»,– քննարկման մեկնարկին ասել է Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարի օգնական Աննա Վարդապետյանը մանրամասներ է ներկայացրել կատարված ուսումնասիրության արդյունքում կազմված խորհրդատվական եզրակացության վերաբերյալ: Նա նշել է, որ քրեական գործերի՝ որոշմամբ հաստատված հերթականության համաձայն` առաջինն ուսումնասիրվել է Տիգրան Օհանջանյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Աշխատանքային խումբն աշխատել է ամենշաբաթյա ռեժիմով և կազմել է 140 էջանոց գրավոր խորհրդատվական եզրակացություն, որը ներառում է աշխատանքային խմբի բոլոր անդամների միասնական մոտեցումը (խմբում ընդգրկված է 6 անդամ՝ ՀՀ վարչապետի 3 ներկայացուցիչ և որոշմամբ թվարկված գործերով տուժողների իրավահաջորդների 3 ներկայացուցիչ):

Ամփոփվել է քրգործի ուսումնասիրությունը. Փաշինյանը հանդիպել է զոհվածների հարազատներին

Վարդապետյանը հայտնել է, որ աշխատանքային խումբը խորհրդատվական եզրակացության մեջ մի շարք խախտումներ է արձանագրել: Դրանք հիմնականում վերաբերում են առանցքային քննչական գործողություններին, որոնք միտված են եղել գործի համար էական նշանակություն ունեցող ապացույցների ձեռքբերմանը: Վերհանվել են նաև խախտումներ՝ կապված ծառայողական քննության, հեռախոսային խոսակցությունների հետ, առանձին մասով շարադրվել են առաջարկներ: Ա. Վարդապետյանը նշել է, որ աշխատանքային խումբը քննչական գործառույթներ չի իրականացնում, գրավոր խորհրդատվական եզրակացությունը 6 հոգանոց անկախ մասնագիտական խմբի մասնագիտական կարծիք է, մաքուր իրավական վերլուծություն և ի գիտություն է ուղարկվելու նախաքննություն իրականացնող մարմնին:

Փաշինյանը տուժողի իրավահաջորդ Գոհար Սարգսյանից հետաքրքրվել է, թե ինչպես է գնահատում ուսումնասիրության արդյունքները և արձանագրումները: Ի պատասխան Գոհար Սարգսյանն ասել է, որ իր որդու մահվան դեպքը եղել է 2007 թվականին, և ինքը 14 տարի շարունակ բարձրաձայնել է մահվան պատճառների առնչությամբ իր մտահոգությունների մասին: Նա նշել է, որ համաձայն է խորհրդատվական եզրակացության հետ, ներգրավված է եղել աշխատանքային խմբի քննարկումներում և պատրաստ է շարունակել համագործակցությունը հետագա քայլերի շուրջ:

Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է այն, որ համաձայնություն կա կատարված աշխատանքի արդյունքների շուրջ և առաջարկել հետևողական շարժվել առաջ, սահմանված իրավական ընթացակարգերի պահպանմամբ:

Պատերազմում զոհված անձանց և նրանց հարազատների գրեթե 3 մլրդ դրամի վարկեր են ներվել. նախարար

Հանդիպմանը քննարկվել է նաև հաջորդ գործի ուսումնասիրությունը սկսելու հարցը: Վարդապետյանը տեղեկացրել է, որ ծնողների նախաձեռնությամբ և նրանց միջև փոխհամաձայնությամբ առաջարկվել է, որպես երկրորդ գործ, ուսումնասիրել Վալերիկ Մուրադյանի մահվան դեպքի առնչությամբ հարուցված քրեական գործը:

Մտքերի փոխանակության ընթացքում Նիկոլ Փաշինյանը լսել է ծնողների դիտարկումները, պատասխանել նրանց հարցերին:

Արցախում զոհված սամբիստներին հավերժ չեմպիոնի կոչում է շնորհվել