ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Ադրբեջանի նախագահի այն ելույթները, որոնք հայատյացության ու թշնամանքի քաղաքականության վկայություն են, ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ուղարկել է ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտե, ԵԽ-ի Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ հանձնաժողով, ՄԱԿ-ի և ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարներին և միջազգային մի շարք այլ մարմինների: Տեղեկությունը Թաթոյանը հրապարակել է Facebook-ի իր էջում։
Այս անգամ Թաթոյանն առանձնացրել է Ադրբեջանի նախագահի 2021թ. ապրիլ ամսվա ելույթներին:
«Ուղարկված ելույթներում Ադրբեջանի նախագահը խոսում է ուժի ու սպառնալիքի լեզվով, օգտագործում է այնպիսի բառեր, որոնք նսեմացնում են ողջ հայ ժողովրդի, Հայաստանի ու Արցախի ողջ բնակչության արժանապատվությունը, ահաբեկող բնույթի են, լարվածություն են առաջացնում հայկական հասարակությունում, և իր ելույթներով նա ընդգծում է ադրբեջանական ժողովրդի առավելությունները»,–գրել է Թաթոյանը:
Նա տեղեկացնում է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած այս գործընթացը լինելու է շարունակական. Ադրբեջանի նախագահի ելույթներն ու ուղերձները ենթարկվում են հատուկ մոնիթորինգի:
Թաթոյանը նշում է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի նպատակն է ցույց տալ ադրբեջանական իշխանությունների ցեղասպան բնույթի քաղաքականությունը, որը մարդու իրավունքների կոպիտ խախտումների պատճառ է, նոր դաժանությունների լուրջ սպառնալիք և վտանգում է խաղաղությունն ու անվտանգությունը: