Սերգեյ Լավրովը հասել է Բաքու

Ռուսաստանի արտգործնախարարը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունները նշանակված են մայիսի 11-ին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով մեկնել է Բաքու։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` նշելով, որ նա արդեն Ադրբեջանի մայրաքաղաքում է:

Նշվում է, որ երեկոյան Լավրովը կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Մայիսի 11-ին, ավարտելով այցի օրը, նախատեսված են Լավրովի և նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի բանակցությունները:

Ինչպես հայտնել Է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, այցի ընթացքում նախատեսվում է քննարկել Ռուսաստանի ու Ադրբեջանի երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև փոխգործակցությունը միջազգային ասպարեզում: Առաջնահերթ ուշադրություն կդարձվի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների իրագործման գործնական ասպեկտներին:

Հիշեցնենք` մայիսի 5-6-ը Ռուսաստանի արտգործնախարարն այցելել էր Երևան։ Նրա գլխավորած պատվիրակությունն այցելել էր Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհվածների հիշատակին։  Լավրովը հանդիպումներ էր ունեցել ՀՀ արտգործնախարարի ու վարչապետի պաշտոնակատարների հետ։ 

Սերգեյ Լավրովի երևանյան այցի ամենավառ կադրերը