Ի՞նչ վիճակում են Փաշինյանին ուղեկցող մեքենայի մասնակցությամբ վթարից տուժածները

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը Facebook-ի իր էջում մանրամասներ է հայտնել «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված քաղաքացիների վիճակի վերաբերյալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. ԱԳՆ շենքի հարակից տարածքում տեղի ունեցած վթարի հետևանքով «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց տեղափոխված երկու քաղաքացիներից Ս.Հ-ն, որի մոտ առկա է ձախ ազդրի փափուկ հյուսվածքների սալջրադ, հրաժարվել է հոսպիտալացումից: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

«Մյուս տուժածի՝ Լ. Մ. -ի վիճակը գնահատվում է կայուն ծանր: Նրա մոտ առկա է պարանոցային երկրորդ ողի մարմնի ձախ կողմնային, մասային կոտրվածք (լայնակի ելունի շրջանում), առջևից երեք կողի կոտրվածք՝ առանց նշանակալի տեղաշարժի: Աջ անրակի ակրոմիալ հատվածի կոտրվածք, առանց տեղաշարժի, ֆիքսված ամնեզիա»,–գրել է Դանիելյանը:

Նա նշել է, որ Լ. Մ.–ն այժմ գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում՝ մասնագետների հսկողության տակ:

Ինչպես արդեն հայտնել էինք` Երևանի Վազգեն Սարգսյան-Խորենացի փողոցների խաչմերուկում այսօր առավոտյան տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին ուղեկցող մեքենայի մասնակցությամբ:

Վթարի է ենթարկվել Էջմիածին-Երևան երթուղու ավտոբուսը. վիրավորների մեջ երեխաներ կան

Պարզվել է` այդ հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկությունը նախապես դադարեցվել էր, քանի որ այդ փողոցով պետք է անցներ վարչապետի պաշտոնակատարի ավտոշարասյունը ՝ Փաշինյանին խորհրդարան տեղափոխելու համար։

Ականատեսների խոսքով` «Մերսեդես» մակնիշի տաքսու վարորդը, ամենայն հավանականությամբ, որոշել է օգտվել ազատ ճանապարհներից և արագ անցնել: Արդյունքում «Նիսանի» վարորդը չի կարողացել ժամանակին արգելակել և բախվել է «Մերսեդեսին»։ Հարվածի ուժից տաքսին բախվել է մոտակայքում գտնվող Tashir Pizza պիցերիայի առաքման ծառայության մոպեդին, որը կողաշրջվել է։

Ավտովթարի հետևանքով տաքսու վարորդը ոտքի վնասվածք է ստացել, իսկ ուղևորին շոկային վիճակում տեղափոխել են Հանրապետական բժշկական կենտրոն։ 

Տուժել են վարորդը, ուղևորը. մանրամասներ`Փաշինյանին ուղեկցող մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ-ից