«Իմ քայլը» խմբակցությունը երկրորդ անգամ առաջադրեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ այս անգամ ևս ձեռնպահ է քվեարկելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik. Խորհրդարանն արձակելու ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նպատակով ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն այսօր ԱԺ հատուկ նիստում դարձյալ առաջադրեց վարչապետի պաշտնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։
Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Ինչպես գիտեք` այս փուլում նույնպես պետք է ներկայացվեր վարչապետի թեկնածությունը` այս անգամ պատգամավորների թվի 1/3–ի առաջարկով։ «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը` այս անգամ նույնպես ձեռնպահ քվեարկելու և խորհրդարանն արձակելու նպատակով»,– ասաց Մակունցը։

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովը մայիսի 3-ի արտահերթ նիստում չընտրեց ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին։

Մասնակցելո՞ւ եք ընտրություններին և ինչո՞ւ. հարցախույզ Երևանում

Մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատել էր Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։

Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հրաժարական տալու մասին։

Նշենք, որ ՀՀ Սահմանադրության համաձայն` արտահերթ ընտրություններ ՀՀ–ում հնարավոր է անցկացնել միայն այդ դեպքում, երբ վարչապետի հրաժարականից հետո խորհրդարանը 2 անգամ անընդմեջ վարչապետ չի ընտրում։

ՀՀ Սահմանադրության 149 հոդվածի համաձայն` վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, իսկ երկրորդ անգամ չընտրվելու դեպքում Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով, ու նշանակվում են ԱԺ արտահերթ ընտրություններ։

Չենք գնդակահարի. Շարմազանովը խոսել է Վանեցյանի հետ դաշինքի և երկրում տիրող իրավիճակի մասին