Արա Այվազյանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ խոսել է ռազմագերիների մասին

Զրույցի ընթացքում քննարկվել է հակամարտության գոտում վտանգված մշակութային ժառանգության պաշտպանության հարցում միջազգային գործուն մեխանիզմների թեման։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի – Sputnik․ ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն այսօր զրուցել է ՄԱԿ–ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Զրույցի առանցքային թեմաներից էր պատերազմի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար և սոցիալ-տնտեսական իրադրությունը մեղմելու ուղղությամբ քայլերի ձեռնարկումը:

«Ներկայացնելով Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիայի ընթացքում և դրան հաջորդած շրջանում ՄԱԿ համապատասխան մասնագիտացված կառույցների հետ Հայաստանի իրականացրած աշխատանքները՝ անխափան հումանիտար մուտքն Արցախ ապահովելու ուղղությամբ, նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ Ադրբեջանը շարունակում է հումանիտար աջակցության հասանելիության հարցը քաղաքականացնելու և միջազգային հանրության ջանքերը խաթարելու իր գործելաոճը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Այվազյանը շեշտել է Ադրբեջանի պատանդառության ներքո գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց հայրենադարձման հրատապությունը:

ԵԱՀԿ նախագահը ողջունել է հայ գերիներին ազատ արձակելու որոշումը

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ԼՂ հակամարտության գոտում պատմամշակութային և կրոնական ժառանգության պաշտպանության, պահպանության և այդ ուղղությամբ միջազգային գործուն մեխանիզմների ներդրման անհրաժեշտությանը:

Այվազյանն անընդունելի է համարել վտանգված մշակութային վայրեր միջազգային փորձագիտական առաքելության իրականացումն արգելափակելու ադրբեջանական կողմի վարքագիծը:

Նախարարի պաշտոնակատարը կարևորել է ԼՂ խաղաղ գործընթացի վերականգնումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո Ադրբեջանից Հայաստան են վերադարձել 73 գերիներ։ Ոչ պաշտոնական տվյալներով` հարևան երկրում ավելի քան 200 հայ գերի կա։ Մայիսի 3–ին հայտնի դարձավ, որ 19 հայ գերիներ խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանցի զինծառայողների կողմից, նրանց մեջ նաև կանայք կան։

Մայիսի 4–ին Ադրբեջանն ազատ արձակեց գերության մեջ գտնվող ևս երեք հայի` Ռոբերտ Վարդանյանին, Սամվել Շուխյանին և Սեյրան Թամրազյանին։

Երևան հասնելուն պես նրանք բուժկենտրոն տեղափոխվեցին բժշկական հետազոտություն անցնելու համար։