ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. 2021 թվականի մայիսի 9-ին, որն առաջինն է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծած ագրեսիայից հետո, դժվար է նույնկերպ նշել տարիներ շարունակ ընդունված եռատոնը, ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը։
«Այնուամենայնիվ, մենք պարտավոր ենք մեր հարգանքի տուրքը մատուցել Հայրենական մեծ պատերազմի մասնակից մեր պապերին և Արցախյան առաջին պատերազմի և Շուշիի ազատագրմանը մասնակցած մեր հայրերին ու եղբայրներին»,-գրել է նա։
Հայտարարության մեջ նշվում է նաև, որ հայկական Շուշին տարիներ շարունակ եղել է և շարունակում է լինել հայոց ինքնության կարևոր հիմնասյուներից մեկը և այսօր էլ, չնայած այն փաստին, որ Շուշին գտնվում է ադրբեջանական վերահսկողության ներքո, այն պիտի լինի հայկական վերածննդի կարևորագույն խորհրդանիշներից մեկը։
Հայաստանի Հանրապետությունը պիտի շարունակի բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում` հասնելու Արցախի հայության ինքնորոշման իրավունքի ճանաչմանը և Արցախի տարածքային ամբողջականության վերականգնմանը, շեշտել է ՀՀ ԱԺ նախագահը։
Եթե կորցնենք Շուշին վերադարձնելու հույսը, կդավաճանենք զոհվածներին. Շուշիի նախկին քաղաքապետ
Մայիսի 9-ին նշվում է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակը, Շուշիի ազատագրման (1992) և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:
Արցախյան 44-օրյա պատերազմի վերջին օրերին Շուշին ժամանակավորապես բռնազավթվել է ադրբեջանցիների կողմից։