Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Վլադիմիր Պուտինին և Միխայիլ Միշուստինին

Փաշինյանը շեշտել է, որ մեր ընդհանուր պարտքն է՝ փայփայել ազատության և անկախության համար մղված մարտերում ընկած մեր հերոսների հիշատակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին և Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Հաղթանակի 76-րդ տարեդարձի առթիվ։ 

Նիկոլ Փաշինյանն ու Արարատ Միրզոյանն այցելել են «Հաղթանակ» զբոսայգի. լուսանկարներ

Վլադիմիր Պուտինին ուղղված շնորհավորական ուղերձում նշված է.

«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,

ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 76-րդ տարեդարձի կապակցությամբ:

Մայիսի 9-ը սուրբ տոն է Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիների համար, ամենանշանակալից և պատվավոր օրերից մեկը:

Հաղթանակի մեծ ժառանգությունն այսօր կարևոր հոգևոր արժեք է, բարոյական ուղեցույց ապագա սերունդների համար՝ արդար և անվտանգ աշխարհ կառուցելու գործում: Մեր ընդհանուր պարտքն է՝ փայփայել ազատության և անկախության համար մղված մարտերում ընկած մեր հերոսների հիշատակը, հոգատարությամբ և ուշադրությամբ պարուրել վետերաններին:

Վստահ եմ, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, որոնք սրբացված են մեր նախնիների հաղթական փառքով, կշարունակեն հաջող զարգանալ՝ ի բարօրություն մեր երկրների ժողովուրդների, ի շահ տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդման:

Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
խնդրում եմ Ռուսաստանի Դաշնությունում բնակվող՝ պատերազմի բոլոր վետերաններին և թիկունքի աշխատավորներին փոխանցել խորին երախտագիտության խոսքեր, մաղթել քաջառողջություն, բարեկեցություն և արևշատություն»։

Այսօր Շուշին մեզ հետ չէ, մենք սգում ենք նրա գերությունը. Փաշինյանն ուղերձ է հղել

Միխայիլ Միշուստինին ուղղված շնորհավորական ուղերձում ասված է․

«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,

սրտանց շնորհավորում եմ Ձեզ՝ Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 76-րդ տարեդարձի կապակցությամբ:

Ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում սրբորեն հարգում են նրանց հիշատակը, ովքեր անօրինակ հերոսություն և անձնազոհություն ցուցաբերեցին նացիզմի դեմ պայքարում` արժանի օրինակ դառնալով ներկա և ապագա սերունդների համար: Համոզված եմ, որ Հայրենական Մեծ պատերազմի տարիներին մեր ժողովուրդների դրսևորած միասնականությունը և ոգու արիությունը, բարեկամությունն ու փոխադարձ օգնությունը հետայսու ևս ամուր հիմք կլինեն մեր երկրների դաշնակցային հարաբերությունների հետևողական խորացման համար:

Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,

մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ, իսկ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին՝ բարեկեցություն և բարգավաճում»:

Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին