Միասնության երթ դեպի Եռաբլուր` եռագույն դրոշներով, զոհերի լուսանկարներով

Արցախյան վերջին պատերազմի զոհերի հարազատներից բացի երթին մասնակցում էին նաև 2016թ–ի ապրիլյան ու 90-ականների ազատամարտի զոհերի հարազատները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. Երևանում այսօր կայացավ Արցախյան 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված երթը Շառլ Ազնավուրի հրապարակից դեպի Եռաբլուր։ Ինչպես Եռաբլուրից հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, նույնիսկ տեղացող հորդառատ անձրևը չխոչընդոտեց երթի անցկացմանը, այլ միայն շուրջ 15 րոպեով հետաձգեց մեկնարկը։

Միասնության երթ դեպի Եռաբլուր` եռագույն դրոշներով, զոհերի լուսանկարներով

Երթին մասնակցում էին հիմնականում երիտասարդներ, ուսանողներ, դպրոցականներ, զոհված զինծառայողների հարազատներ ու ընկերներ, ինչպես նաև` հոգևորականներ` Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի գլխավորությամբ։

Երթի մասնակիցներից շատերի ձեռքին եռագույն դրոշներ էին, մյուսներն իրենց ձեռքում պահել էին զոհված զինվորների լուսանկարներ` Մեծ Հայրենական պատերազմի զոհերի` «Անմահների գնդի» երթի նմանությամբ։

Երթը մեկնարկեց երգիչ Արսեն Համբարյանի «Սարդարապատ» երգի կատարմամբ։

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում 44-օրյա պատերազմի մասնակից, «Միասնություն» նախաձեռնության հիմնադիրներից Գևորգ Թադևոսյանը նշեց, որ նախաձեռնության նպատակը ազգային միաբանությունն է` հանուն զոհված տղաների կիսատ թողած գործն ավարտին հասցնելու։

Միասնության երթ դեպի Եռաբլուր` եռագույն դրոշներով, զոհերի լուսանկարներով

Բագրատ Սրբազանն իր ելույթում ևս կարևորեց զոհված տղաների գործն ավարտելու, մեր մշակութային ժառանգությունը փրկելու ու վերադարձնելու անհրաժեշտությունը։

«Պատերազմը վատ բան է, բայց պարտադրված խաղաղությունն ավելի վատ բան է»,– ասաց Սրբազանը` հավելելով, որ մենք թեև կորցրել ենք Արևմտյան Հայաստանի բազում քաղաքներ, բայց շարունակում ենք նշել դրանց համար մղված սրբազան հերոսամարտերի տարեդարձները, ուստի չպիտի համակերպվենք ու պետք է շարունակենք նշել նաև Շուշիի ազատագրման տարեդարձը։

Ֆրանսիացի պատգամավորները ցնցվել են Եռաբլուրում ու Ստեփականակերտի գերեզմանատանը տեսածից

Միասնության երթով Եռաբլուր հասած քաղաքացիները ելույթների ավարտից հետո իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Արցախյան 3 պատերազմների զոհերի հիշատակին` հատ առ հատ մոտենալով ու իրենց խոնարհումը բերելով եղբայրական պանթեոնում հանգչող զինվորականների շիրիմներին։

Նշենք, որ Արցախյան վերջին պատերազմի զոհերի հարազատներից բացի երթին մասնակցում էին նաև 2016թ–ի ապրիլյան ու 90-ականների ազատամարտի զոհերի հարազատները։