Մենք պարտք ունենք մեր նահատակների ու նոր սերնդի առջև. կաթողիկոս

Մայիսի 9-ը՝ իբրև հաղթանակի և խաղաղության տոն, մեզ համար միշտ լինելու է ոգեշնչման աղբյուր և վկայություն, որ մեր հաղթանակներն ու ձեռքբերումները հնարավոր է կերտել համազգային միասնականության անպարտ ուժով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. Հաղթանակի օրվա առիթով մայիսի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը ուղերձ է հղել։

Արցախի ԱԳ նախարարը չի բացառում, որ Ադրբեջանն այսօր կարող է սադրանքների դիմել

«Նվիրական այս օրը վերարժևորում ենք մեր ժողովրդի ներդրած անմնացորդ ջանքերը, որոնք նպաստեցին Երկրորդ համաշխարհային պատերազմում ֆաշիզմի և բռնության դեմ հաղթանակի կերտմանը և աշխարհում խաղաղության հաստատմանը»,– նշված է ուղերձում։

Կաթողիկոսը նաև շեշտում է, որ Շուշիի ազատագրման և Արցախի բանակի կազմավորման խորհրդանշական այս օրը անդրադառնում ենք նաև անցյալ տարի Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ողբերգական հետևանքներին։ «Ադրբեջանի կողմից շարունակվում են խաղաղ բնակչության դեմ ոտնձգությունները, անմարդկային խոշտանգումների են ենթարկվում գերության մեջ գտնվող մեր զինվորականներն ու քաղաքացիական անձինք, հետևողականորեն ոչնչացվում է հայկական հոգևոր ու մշակութային բազմադարյա ժառանգությունը Արցախում»,– նշված է ուղերձում։

Դիմելով ժողովրդին` Կաթողիկոսը նաև արձանագրում է, որ նոր մարտահրավերներին հանդիման այսօր հրամայական է հայոց բանակի զորացումը` որպս մեր հայրենիքի անվտանգության ու խաղաղ կյանքի երաշխավոր։

Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին

«Մենք պարտք ունենք մեր նահատակների ու նոր սերնդի առջև՝ ի գին ամեն զոհողության շենացնելու հայրենի մեր երկիրը և վերանորոգելու մեր կյանքի խաթարված ընթացքը, ջանքեր ներդնելու հանուն արցախահայության խնդիրների հաղթահարման և հետևողականորեն պայքարելու հանուն ազգային մեր իղձերի ու նպատակների իրականացման»,– նշում է Գարեգին Բ–ն` հավելելով, որ մայիսի 9-ը՝ իբրև հաղթանակի և խաղաղության տոն, մեզ համար միշտ լինելու է ոգեշնչման աղբյուր և վկայություն, որ մեր հաղթանակներն ու ձեռքբերումները հնարավոր է կերտել համազգային միասնականության անպարտ ուժով։