Մայիսի 9-ի գույնն Արցախում՝ առանց Շուշիի

Ստեփանակերտում պատերազմի ու Շուշիի մասին եթե ուզես էլ մոռանալ՝ չես կարող: Մարդիկ այսօր սովորականից ավելի մտազբաղ են՝ առաջին անգամ Շուշիի ազատագրման օրն է առանց Շուշիի:
Sputnik

Մայիսյան հասարակ առավոտ է՝ արևոտ, մի քիչ սառը: Միակ խնդիրն այն է, որ այսօր Մայիսի 9-ն է, ու չգիտես քեզ ինչպես պահել:

Ադրբեջանցիները գերեզմանաքարերն օգտագործում են Շուշի տանող ճանապարհի շինարարության համար

Ստեփանակերտի փողոցներով թափառում եմ. պատերից մեկին դեռ հին պլակատ է մնացել, որի վրա մեծ-մեծ տառերով գրված է Մայիսի 9, և ինչ-որ միջոցառումների մասին տեղեկություն: Հրապարակով եմ անցնում, նորից դեռ նախորդ տարվանից մնացած պաստառներից մեկի վրա Հունոտի կիրճն է պատկերված: Շուշիի մասին ուզես էլ՝ մոռանալ չես կարող…

Փողոցներում հատուկենտ մարդիկ են՝ դեռ լույսը նոր է բացվում. Պյատաչոկի այգում երկու տարեց տղամարդիկ են նստած:

-Էս ժամին ի՞նչ ես կորցրել էս կողմերում,-տղամարդկանցից մեկը հարցնում է ինձ:

Մայիսի 9-ի գույնն Արցախում՝ առանց Շուշիի

Գնում ու նրանց կողքը լուռ նստում եմ: Ծտերն ինչ-որ բանի համար կռիվ են տալիս՝ ձայնն աշխարհ է բռնել:

Տղամարդիկ շվարած ինձ են նայում, իսկ ես գնալ չեմ ուզում, ոտքերս ծանրացել-կախվել են:

-Պատերազմից հետո առաջին անգամ եմ Արցախ գալիս: Մառախուղ էր, լավ էր, շատ բան չտեսա, բայց Շուշիի վրա գրված մեծ-մեծ տառերով Շուշան աչքս մտավ ու ուղեղիցս դուրս չի գալիս: Դե, հատկապես այսօր,-չգիտեմ ինչու պատմում եմ տղամարդկանց այն, ինչ ոչ մեկին չեմ ասել էս 4-5 օրերին ընթացքում:

Եթե կորցնենք Շուշին վերադարձնելու հույսը, կդավաճանենք զոհվածներին. Շուշիի նախկին քաղաքապետ

Տղամարդկանցից մեկի՝ 70-ն անց ձյաձ Ստյոպայի աջ ոտքը սկսում է դողալ, աչքերը լցվում են: Գլուխը շրջում է, ծխախոտը վառում ու այդպես էլ ինձ վրա չի նայում այլևս: Մյուս տղամարդը՝ ձյաձ Կարենը, գրպանից մի հին տոպրակ է հանում, մեջից իր ֆիգուրը կորցրած պլաստիկ բաժակ, բութ մատով բաժակի ներսից դզմզում, բաժակի տեսքի է բերում այն: Հետո գետնին դրված կես լիտրանոց հանքային ջրի շշից ինչ-որ բան է լցնում այդ ու գետնին դրված մյուս երկու բաժակների մեջ: Բաժակները լուռ մեզ է փոխանցում, ենթագիտակցորեն վերցնում եմ՝ տնական օղու հոտից արդեն գլուխս «բռնում» է:

-Շուշիի կենացը,-ասում է ձյաձ Կարենը, ու խմում ենք օղին:

Հազար տարվա տնական օղի խմողի պես միանգամից խմում եմ ամբողջը և սկսում հազալ: Ձյաձ Կարենը փոշմանած դեմքիս է նայում:

Մայիսի 9-ի գույնն Արցախում՝ առանց Շուշիի

-Էս երեխուն ինչո՞ւ լցրեցի,-քթի տակ խոսում է ձյաձ Կարենը:

Ինձ հավաքում եմ ու ժպտում՝ իբր ո′չ ստամոքսս է ցավում, ո′չ էլ կոկորդս է այրվում:

-Նախորդ տարի չէի եկել էստեղ. հիմա Արցախից կարոտս առա, բայց Շուշիին կարոտած հետ եմ գնալու: Այսինքն՝ երևի որ չէի տեսել Շուշին էս վիճակում, ավելի ուրիշ կարոտ էր, իսկ հիմա էդ կարոտն ագրեսիվ է, խեղճացնող է, կոկորդ սեղմող է,-նորից հիմարի պես խոսում եմ:

Ձյաձ Ստյոպն աչքի տակով ինձ է նայում, բայց միայն լուռ ծխում է, իսկ ձյաձ Կարենն ասում է՝ բան չկա, աղջիկ ջան, առաջին անգամ միշտ դժվար է լինում:

Տղամարդիկ ծխում են, սոված փորիս տնական օղին գլուխս մի քիչ իրենով է արել: Մտածում եմ հյուրանոց վերադառնամ, սառը ջրի տակ կանգնեմ:

Մայիսի 9-ի գույնն Արցախում՝ առանց Շուշիի

-Կներեք, ես գնամ-ասում եմ ու վեր կենում:

Ձյաձ Ստյոպը տեղից թռչում է, ինձ ամուր գրկում ու բարձր հեկեկում: Թքած ունենք ամեն ինչի վրա, կուշտ լացում ենք: Ձյաձ Կարենը նյարդային ձեռքով կտկտացնում է նստարանի վրա ու քթի տակ կարծես հայհոյում, բայց միայն «ես դրանց…»-ն եմ լսում:

Ձյաձ Ստյոպը ոչինչ չի ասում, աչքերը սրբում է, նստում տեղը և նորից ծխախոտ վառում, մինչև շրջվում եմ, որ գնամ, ձյաձ Կարենն ասում է.«Ստյոպը շուշեցի է, տղան էլ զոհվել է»:

***

Դեպի հյուրանոց եմ քայլում: Խանութներից մեկի առջև մի կին ավլում է:

-Բարի լույս,-բարևում եմ կնոջը:

Չի բացառվում, որ ադրբեջանցիները Շուշիի եկեղեցին հետագայում մզկիթ դարձնեն. Բաբայան

-Ուր է, բարի լույս մնա՞ց, լույս մնա՞ց ընդհանրապես,-ասում է կինը և գլուխը կախ իր գործն անում:

Մտքում ինձ հայհոյում եմ ու որոշում՝ ոչ մեկին չեմ խոսեցնելու, մարդկանց դարդերը հիշեցնելու՝ ուղիղ հյուրանոց:

Մեկ ուրիշ խանութի առջև մի տղամարդ արկղերն է բերում և մայթեզրին դասավորում: Երևի նայում եմ արկղերին, ինքն էլ կանչում է, թե՝ արի մի խնձոր տամ:

-Որտեղի՞ խնձորն է,-հարցնում եմ ու վերցնում ինձ մեկնած խնձորը:

-Ով իմանա, առնում-ծախում եմ, էլի: Քարին տակում այգի ունեի, աշխարհի միրգը կար: Չհավաքեցի, մնաց թշնամուն նվեր: Հիմա ուրիշից միրգ եմ առնում՝ ծախում: Եթե անգամ այգիս քանդուքարափ արած լինեն, մեկ է, հետո գնալու-սարքելու եմ, էսպես չի մնալու,-ասում է տղամարդը:

«Էսպես չի մնալու»,-կրկնում եմ տղամարդու խոսքերը ու արդեն վազում հյուրանոց: