Հայերի սրտերը կոտրված են․ Արցախյան առաջին պատերազմի վետերանը՝ մայիսի 9-ի մասին

Մի քանի շքանշանով պարգևատրված ստեփանակերտցի թոշակառուն նկարագրել է, թե ինչ տրամադրություն է տիրում հայերի շրջանում Հաղթանակի օրը, ինչպես նաև իր կարծիքն է հայտնել, թե ինչու Հայաստանին վերջին պատերազմի ընթացքում չհաջողվեց պահպանել իր  պատմական հողերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. 2020թ․-ի Արցախյան պատերազմից առաջ հայերը հաղթանակի օրը յուրահատուկ հպարտությամբ և ուրախությամբ էին նշում, բայց այս տարի ամեն ինչ այլ է։ Այդպես է կարծում Արցախյան առաջին պատերազմի վետերան Սլավա Հովսեփյանը։

«Մի գնդակ չենք կրակել Շուշիում, թուրք չենք տեսել». ազատամարտիկը` քաղաքի գրավման մասին

«Բոլոր հայերի սրտերը կոտրված են։ Նայում ես մարդկանց և հասկանում ես դա, անգամ երբ նրանք ուրախ են թվում։ Մենք հիմա կարծես ողջ-ողջ թաղված լինենք»,-պատմեց նա Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։

Գրեթե 30 տարի շարունակ Հայաստանում միաժամանակ երեք տոն էին նշում․ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Արցախի բանակի ձևավորման օրն ու Շուշիի ազատագրումը, Շուշիի, որն այսօր՝ արցախյան վերջին պատերազմից հետո, նորից Ադրբեջանի վերահսկողության տակ է հայտնվել։

«Այնպիսի իրավիճակ են ստեղծել, որ արդեն ասելու բան էլ չունենք։ Ասում են՝ տաշած քարը գետնին չի մնա, բայց հիմա, փաստորեն, մենք լրիվ անօգուտ ենք դարձել։ Ինչ տղերք կան՝ քաջ, մարտական, կրթված․․․ ու հիմա ի՞նչ»,-հարց է հնչեցնում վետերանը։

Հովսեփյանը ժամանակին սովորել է Բաքվի հրշեջների դպրոցում, այնուհետև, արդեն Հայաստանում, բանտապահ է եղել խիստ ռեժիմի գաղութում, իսկ Արցախյան առաջին պատերազմում մի շարք պարգևների է արժանացել։ Հիմա նա թոշակի է անցել և շատ է նեղվում, որ իր փորձն ու ունակություններն այլևս ի շահ երկրի չեն օգտագործում։

Վետերանի կարծիքով՝ այս պատերազմն անխուսափելի էր, և Հայաստանը, սկզբունքորեն, հաջողության հնարավորություն ուներ։ Սակայն այն չկարողացավ հաղթել մի քանի երկրների միացյալ զինուժին (նկատի ունի Ադրբեջանը և Թուրքիան, ինչպես նաև Սիրիայից և Աֆղանստանից բերված վարձկաններին)։

Միաժամանակ նա նշում է, որ գրեթե 30 տարվա ընթացքում մեր երկրի ղեկավարները բավականաչափ ակտիվորեն չեն զինել բանակը։

Այս ամենը ցավոտ է. հիշում են Շուշին ազատագրած կամավորները

«Բայց մենք ուժեղ էինք «Իսկանդերների» շնորհիվ, որոնք պատերազմի ընթացքում այդպես էլ չկիրառեցինք, չնայած պետք էր․․․ դեռևս Բաքվում իմ սովորելու տարիներին ադրբեջանցիները հաճախ էին ասում, որ հայերը շատ խելացի և ստեղծող ազգ են, որ հայերն անգամ լազերային ճառագայթ ունեն, որն իրենք չունեն․․․ Բայց արդյունքում այնպես ստացվեց, որ մենք պարտվեցինք»,-ասում է վետերանը։

Նրա խոսքով՝ Հայաստանն այնպիսի մարդ պետք է ղեկավարի, որը կկարողանա արդարացի կերպով ամեն ինչ տնօրինել․ «Նիկոլը մեզ խորտակեց։ Չէր հասկանում, թե ինչ է անում։ Բայց մեղավորը միայն նա չէ, մեղավոր են նաև նրանք, առանց որոնց կարծիքը հաշվի առնելու նա չէր կարող որոշում ընդունել՝ խորհրդարանը, նախագահը»։

Սլավա Հովսեփյանը բոլոր հայերին կոչ է անում առավել միասնական լինել, որպեսզի ապագայում անվտանգ ապրեն իրենց հողում։ Հենց իրար հետ անհամաձայնությունն է, ըստ նրա, հայ ժողովրդի դժբախտությունների աղբյուրը։