Ամեն անգամ, երբ մոտենում է Մեծ Հայրենականի հաղթանակի տարեդարձը, Պողոսյանները կրկին ու կրկին վերընթերցում են պապի ձեռագիր մատյանը, որտեղ իրենց ընտանիքի պատմությունն է: Խոսրով պապի որդիների ու դուստրերի անունների հետ կապված հիշողությունները այսպես փոխանցվում են սերնդե սերունդ:
Ավագ որդին՝ Լյովա Պողոսյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում հպարտությամբ նշում է՝ հայրը չի մոռացել ռազմի դաշտում իր կյանքը փրկողներին ու յուրօրինակ ձևով վարձահատույց է եղել:
Ծնվել ու մեծացել է Շիրակի մարզի Ծաղկաշեն (այժմ՝ Սիզավետ) գյուղում: Ռազմաճակատ է մեկնել 1942-ի սեպտեմբերին՝ 19 տարեկանում: Հետախույզ էր: Մի քանի անգամ վիրավորվել է, բայց ապաքիվելուց հետո կրկին շարք է վերադարձել։
1943 թվականի մայիսի 25-ն էր։ Նովոռոսիյսկի մատուցներում թեժ մարտեր էին, հենց այդտեղ էլ մարտական հանձնարարությունը կատարելիս Խոսրովը աջ ոտքից կրկին վիրավորվում է: Այս անգամ վերքը բավական լուրջ էր: Օգնության է հասնում մարտական ընկերը՝ Լյովան, որը վիրակապում է Խոսրովին, տեղափոխում անվտանգ վայր ու գնում օգնության կանչելու։ Լյովային նա այլևս չտեսավ...
Սպասման ժամերն ու ցավը մեղմելու համար թղթի կտորի վրա բանաստեղծություն է գրում. «Ինձ տեսնող եղբայր, քեզ խնդրում եմ, օգնություն ցույց տաս՝ մեռնում եմ...»։
Վեց օր հետո միայն պատահաբար հայտնվում է «սվյազիստ» Սաշան: Մինչ պատերազմը նա Հայաստանում էր ծառայել, հայերեն հասկանում էր։ Գիտակցությունը կորցրած Խոսրովի ձեռքին տեսնելով գրառումը հասկանում է՝ «մերոնցական» է, ու նրան տեղափոխում է բուժկետ: Այդտեղ էլ բուժաշխատողներ Միշան ու Էմման են օգնության հասնում:
Ավելի ուշ Խոսրովին տեղափոխում են Թբիլիսիի զինվորական հոսպիտալ: Այնտեղ նրա կյանքը փրկելու համար ստիպված են լինում ոտքը կտրել։ Վիրավորին հոգատար վերաբերմունք է ցույց տալիս բուժքույր Ջեմման։
«Եթե առողջացա ու կենդանի մնացի՝ կյանքում չեմ մոռանա ձեզ, ամեն օր պիտի հիշեմ ու հիշեմ»,-խոստանում-որոշում է Խոսրովը:
Ապաքինվելուց հետո վերադառնում է հայրենի գյուղ, որտեղ 1947 թվականին ամուսնանում է:
Երախտապարտ հայը մեկ առ մեկ հիշելով ռազմի դաշտում իրեն օգնության հասած մարդկանց՝ որդիների ու դուստրերի անունները կնքում է նրանց անուններով՝ Լյովա, Սաշա, Միշա, Էմմա ու Ջեմա։
Խոսրովն իր կյանքը փրկող մարդկանց մասին թեև այդպես էլ շատ բան չի իմացել, սակայն անուններն բավական էին նրանց հիշելու, նրանց արածը որդիներին պատմելու ու երախտապարտ լինելու համար: