Դեռ տոնելու ենք նորանոր հաղթանակներ. Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳ նախարարության համոզմամբ՝ նոր հաղթանակներ գրանցելու համար պետք է հիշել ու արժևորել պատմական հաղթանակները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հաղթանակի օրվա առիթով, որում մասնավորապես ասված է, որ մայիսի 9-ին հայ ժողովուրդը նշում է փառապանծ եռատոնը՝ Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակը, 1992 թ. մայիսին Շուշիի ազատագրումը և Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կազմավորումը:

Այսօր Շուշին մեզ հետ չէ, մենք սգում ենք նրա գերությունը. Փաշինյանն ուղերձ է հղել

«Մենք հպարտությամբ ենք հիշում այն մարտիկների սխրանքները, որոնց շնորհիվ կարողացանք հաղթահարել բոլոր մարտահրավերները և հաջողություն ունենալ ֆաշիզմի, ազգայնամոլության և պատմական անարդարության դեմ պայքարում»,– ասված է ուղերձում։

Այդ հաղթանակներն, ըստ Արցախի ԱԳՆ–ի, խորհրդանշում են մեր ազգի տոկունությունը, խիզախությունը, անկոտրում հավատքն ու հայրենասիրությունը, որն էլ մայիսյան եռատոնի ամենակարևոր ուղերձն է։

«Նոր հաղթանակներ գրանցելու համար պետք է միշտ հիշել և արժևորել պատմական հաղթանակները»,– նշում է Արցախի ԱԳՆ–ը` խաղաղություն մաղթելով ու համոզմունք հայտնելով, որ դեռ տոնելու ենք նորանոր հաղթանակներ։

Մայիսի 9-ին նշվում է Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 76-ամյակը, Շուշիի ազատագրման (1992) և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը:

Եթե կորցնենք Շուշին վերադարձնելու հույսը, կդավաճանենք զոհվածներին. Շուշիի նախկին քաղաքապետ

Արցախյան 44-օրյա պատերազմի վերջին օրերին Շուշին ժամանակավորապես բռնազավթվել է ադրբեջանցիների կողմից։