ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 9-ին, ԱՀ պաշտոնաթող նախագահներ Բակո Սահակյանի ու Արկադի Ղուկասյանի, ինչպես նաև մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ միասին, այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել հանուն Հայրենիքի զոհված ազատամարտիկների հիշատակին:
Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Նախագահ Հարությունյանը նաև շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի տոնի, Պաշտպանության բանակի հիմնադրման և Շուշիի ազատագրման տոների կապակցությամբ, որում, մասնավորապես, ասված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր հայ ժողովրդի փառավոր հաղթանակների օրն է։ Մենք հիշում և գլուխ ենք խոնարհում մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առջև, այն հերոսների, որոնք կերտեցին Մեծ հայրենականի և Արցախյան ազատամարտի հաղթանակները՝ նոր էջ բացելով հայոց բազմադարյա պատմության մեջ։ Պատմություն, որը լի է եղել վայրիվերումներով, դաժան փորձություններով ու կորուստներով, ձեռքբերումներով ու նվաճումներով։
Այսօր մեր ժողովուրդը կրկին ապրում է ծանր ժամանակներ, ապրում է՝ ամեն պահի կռիվ տալով իր զավակների ու Հայրենիքի կորստի ցավի հետ։ Այդ ցավն է, որ ուժ է տալիս մեզ ապրելու և արարելու, շարունակելու մեր պայքարն ավելի ամուր ու հաստատակամ կերպով և կառուցելու մեր հերոս պապերի ու հայրերի, մեր անմահ որդիների հիշատակին արժանի Հայրենիք, բոլորիս երազած Հայրենիքը։
Հայ ռազմագերիների վերադարձի հարցը շարունակում է մնալ Ռուսաստանի օրակարգում. ՌԴ դեսպան
Այո՛, ծանր սրտով ենք դիմավորում Մայիսյան եռատոնը, քանի որ ադրբեջանա-թուրքական վերջին ագրեսիայի հետևանքները մեծ խզում են առաջացրել տոնի խորհրդի հետ: Այնուամենայնիվ, մենք վճռական ենք շարունակելու մեր արդար պայքարը՝ հանուն հայրենի հողում հայ ժողովրդի անվտանգ, լիիրավ ու արժանապատիվ հարատևման, հանուն Շուշիի վերադարձի և հանուն մեր նահատակների սուրբ հիշատակի:
Հավե՜րժ փառք մեր հերոսներին։
Փա՛ռք հայ ժողովրդին»,-նշված է ուղերձում։