Ամեն կիրակի անակնկալի ենք սպասում. Արցախի թեմի առաջնորդը՝ Դադիվանք այցելելու մասին

Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշում է՝ ադրբեջանցիների համար անընկալելի է, որ իրենց վերահսկողության ներքո գտնվող հայկական եկեղեցում պետք է աղոթք հնչի, զանգեր ղողանջեն, իսկ խաչը գմբեթին մնա: Սրբազանն անդրադարձել է վանք այցելելու խոչընդոտներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik, Կարինե Հարությունյան. Երբ Դադիվանքը հայտնվեց Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքում, այդ օրվանից ամեն անգամ մի նոր խոչընդոտ է ի հայտ գալիս վանք այցելել ցանկացողների համար: Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:

Նշենք, որ լուրեր են շրջանառվում, թե ադրբեջանական կողմը պարբերաբար ինչ-որ պատճառներ է գտնում և արգելում Դադիվանք մեկնող ուխտավորների մուտքը վանք:

Ադրբեջանցիները խոչընդոտել են հայերի մուտքը Դադիվանք. ի՞նչ նպատակ են հետապնդել նրանք

«Յուրաքանչյուր կիրակի մենք անակնկալ ենք սպասում ադրբեջանցիներից: Պաշտոնական հանդիպումների ժամանակ մի քանի անգամ ես բացատրել եմ ադրբեջանցիներին, որ նման կարգավիճակում մենք շատ վանքեր և եկեղեցիներ ունենք: Անգամ բերել եմ Երուսաղեմի օրինակը, որ չնայած այնտեղ իսրայելցիների հողն է, սակայն Հայ առաքելական եկեղեցին իրավասություններ ունի: Այսինքն՝ հայկական վանքերը պահպանվում են և գործում ըստ մեր վանական օրենքների»,-ասում է Սրբազանն ու հավելում՝ ադրբեջանցիներին հաճելի չէ ենթարկվել որևէ կանոնների: Նա նշում է՝ այս ամենին բացատրել է և ուդիներին, և ադրբեջանցի գեներալին՝ պարզաբանելով, որ վանքն ունի իր գրված և չգրված օրենքները:

Սրբազանի խոսքով՝ ադրբեջանցիների համար անընկալելի է, որ իրենց վերահսկողության ներքո գտնվող տարածքի եկեղեցում հայ հոգևորականը պետք է զանգ խփի, եկեղեցու խաչը երևա, արարողություններ կատարվեն, ուխտավորներ գնան-գան:

Վրթանես եպիսկոպոսն ասում է նաև, որ Դադիվանքի պահպանության և գործունեության հարցին բարձր մակարդակներով է անդրադարձ եղել՝ ՌԴ նախագահի, Ամենայն Հայոց կաթողիկոսի, ռուս պատրիարքի կողմից, ինչի շնորհիվ էլ այն այսօր գործում է:

«Սակայն ադրբեջանցիները երբեմն-երբեմն կենցաղային խոչընդոտներ են ստեղծում Դադիվանք այցելող ուխտավորների համար՝ մեկ համավարակն են պատճառ բերում ու արգելում, մեկ էլ ասում են, թե այցելողների ցուցակների մեջ անճշտություններ կան: Սակայն մենք էլ փորձում ենք ռուս խաղաղապահների միջոցով նրանց հասկացնել, որ եկեղեցին գործելու է, և մեր միաբաններն այնտեղ են լինելու»,-ասաց Սրբազանը:

Նա հայտնեց նաև, որ ուխտավորներին հորդորում են չենթարկվել ադրբեջանցիների սադրանքներին և մեքենայից դուրս գալուն պես ուղիղ եկեղեցի գնան:

Ինչ վերաբերվում է վանքի հոգևորականներին, ապա այնտեղ մշտապես 6 հայ հոգևորական է մնում՝ երեք սարկավագ և երեք աբեղա. նրանցից յուրաքանչյուրն ամիսը մեկ յոթ օրով տուն է գնում: Սրբազանը վստահեցնում է՝ Դադիվանքում մնացող հոգևորականներն իրենց շատ լավ են զգում և մշտապես կապի մեջ են իր հետ: Վանքում հոսանքն ապահովվում է գեներատորի միջոցով, ինչ վերաբերում է սննդին, ապա հոգևորականների համար յուրաքանչյուր կիրակի սնունդ են տանում:

Հայ ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Դադիվանք ու Ամարաս

«Տեղում իրենց առաքելությունն իրականացնող ռուս խաղաղապահներն էլ շատ լավն են՝ կիրթ են, աղոթող են: Ճիշտ է, մայիսի կեսերին խաղաղապահների հերթափոխ պետք է լինի, սակայն կարծում եմ՝ նոր եկողները նույն ոճով կշարունակեն իրենց աշխատանքը»,-ասաց Սրբազանը:

Հիշեցնենք, որ պատերազմից հետո Դադիվանքը վերահսկում են ռուս խաղաղապահները, այն հայտնվել է Ադրբեջանի հսկողության ներքո գտնվող տարածքում: