ՌԱԴԻՈ

Ո՞ր դեպքում Ռոբերտ Քոչարյանը չէր մտածի քաղաքականություն վերադառնալու մասին

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանի նախաձեռնած հանրահավաքին և քաղաքական պայքարի դուրս գալու որոշմանը։
Sputnik
Ո՞ր դեպքում Ռոբերտ Քոչարյանը չէր մտածի քաղաքականություն վերադառնալու մասին

Մայիսի 9-ին նախատեսված հանրահավաքի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի ելույթից պարզ կդառնա, թե ինչպիսի ճանապարհային քարտեզ է առաջարկում ՀՀ երկրորդ նախագահը գալիք ընտրություններում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը։

«Ես ավելի շատ ակնկալում եմ ծրագրային ելույթ և հստակ ճանապարհային քարտեզ։ Կարծում եմ, որ այդ հանրահավաքի մասնակիցները, անկախ նրանից, թե որքան կլինի նրանց թիվը, շատ ուշադիր կլսեն այդ ծրագիրը և կփորձեն հասկանալ` դա իրատեսական է, թե ընդամենը կենացների, ցանկությունների շարք»,- ասաց նա։

Նրա խոսքով` Հայաստանում այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ ցանկացած գործիչ կարող է քաղաքականություն վերադառնալ, ինչու ոչ` նաև հաղթել։

«Նիկոլ Փաշինյանի փոխարեն ցանկացած այլ իշխանություն լիներ` Ռոբերտ Քոչարյանը չէր էլ կարող մտածել, որ կարող է վերադառնալու փորձ անել, բայց այս իշխանություններն այնքան ձախողումներ են ունեցել, այնքան կործանարար քաղաքականություն են վարել, որ նույնիսկ Քոչարյանն իր այդ բացասական ընկալմամբ գտնում է, որ շանս ունի հաղթելու և մասնակցում է ընտրություններին»,- նշեց քաղաքագետը։

Նշենք, որ վաղը` մայիսի 9-ին, ժամը 16։00-ին Երևանի Ազատության հրապարակում նախատեսված հանրահավաքում Ռոբերտ Քոչարյանը հանդես կգա ելույթով։

Մասնակցելո՞ւ եք ընտրություններին և ինչո՞ւ. հարցախույզ Երևանում

Ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահը հայտնել էր, որ մասնակցելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Առաջիկա ընտրությունները հեշտ չեն լինելու. Ռոբերտ Քոչարյանը` փողոցային պայքարի մասին

Մարտի 18-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հունիսի 20-ին Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրություններ կկայանան: Ավելի ուշ Ազգային ժողովը հաստատեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, ըստ որի՝ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան միայն համամասնական ընտրակարգով։

Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց հրաժարական տալու մասին։ ՀՀ նախագահը ընդունեց վարչապետի և կառավարության հրաժարականը։

Նիկոլ Փաշինյանը հայտնեց` ինչ կարգախոսով է «Իմ քայլը» մասնակցելու ընտրություններին